Դա փաստ է, որ Եղեռնի պատճառներից մեկն էլ մեր ռուսամետությունն էր։ Բայց մենք, փոխանակ ենթադրություններ անելու, ուղղակի հայամետ լինելու, դառնում ենք ռուսատյաց։

Երբ մենք թույլ ենք, վախկոտ, ծպտված մեր իսկ հոգու անկյուններում, ինքներս մեր ստվերից վախեցած, ապա՝ մեր ցավերի ու սխալների մեջ, մեղադրում ենք բոլորին, բացի մեզանից։ Իսկ եթե հպարտանայինք մեր լինելությամբ, լիաթոք լինեինք ու ներքուստ ուժեղ, սեփական թերությունները հաղթահարելով, հզոր, աշխարհացավ, աշխարհակազմիկ ազգ կդառնայինք նորեն։ Հանկարծ չփորձեք ծիծաղել։ Ասածս ճշմարտություն է։

Մեր Երկրի աշխարհաքաղաքական դիրքը որքան վատն է, այնքան էլ լի է բազմաբովանդակ հնարավորություններով։ Հայաստանը կարող է առաջավոր Ասիայի համար բանկային կապիտալի, ազատ ձեռներեցության, տուրիզմի, մաքրամաքուր բնության, մշակութային բազմազանության, քաղաքակրթությունների երկխոսության, փոքրամասնությունների պաշտպանության, չճանաչված երկրների հովանավորության և այլ բազմաթիվ հնարավորությունների Ամրոց - Երկիր դառնալ։ Եթե մեր աշխարհասփյուռ կազմակերպվածությունն էլ ի նպաստ երկրի ու հայ մարդու գործածվեր, ապա անհաղթահարելի էինք լինելու, անպարտելի։ Իսկ մենք, մեզ մի անկյուն քաշած, ինքնասիրահարվածի պես, զբաղված ենք մեզանով։ Հազարերորդ անգամ եմ ասում, մենք ենք մեր թշնամին, քանզի աշխարհներ գրավելու փոխարեն զբաղված ենք Երևանի գավառով։

Ի՞նչ է Հայաստանը, Չինաստանի մասշտաբներով մի քաղաքատիպ ավանի բնակչություն ունեցող երկիր, սակայն բնակեցված ինքնախարազանումով տառապող քաղաքատիպ ավանի բնակչությամբ։ Աշխարհը աշխարհից՝ մենք մեր ցավերից ենք խոսում։ Ոչ նախագահն է նախագահի նման, ոչ էլ նրա ընդդիմախոսն է լայնամասշտաբ։ Այսպես որ գնա, կդառնանք ՏՊՀ (Տուն պահողների Հանրապետություն)։ Այնինչ, դեռ ժողովուրդներ կան, թալիշների ու քրդերի պես մեր կողմ են նայում, սպասում գործողության, որբ մենք, մեր մտավորականության կարկառուն ներկայացուցիչների աջակցությամբ, մեր զորամասերն ենք գրավում։ Մեկս մեկի արժանի ենք։ Հիմա ամեն ինչ կվերջանա, փողը կվերցնենք, նորից սրանց կընտրենք, ու կափսոսանք, որ Սասնա ծռերը չհաջողեցին։

Այն, որ իրական Սասնա Ծռերը չեն հաջողել, Մհերի Ագռավաքարում պահվելուց է հայտնի։ Մենք, այսօր, նորից մտնում ենք Ագռավաքար։

Հալեպում անտանելի վիճակ է, այնտեղ արցախացավ մեր Հայությունն է ապրում։ Հայաստանում ո՞վ է հիշում այդ մասին։ Չէ, մոդայի, տրենդի մեջ չի հիմա Հալեպը, Դա Քեսաբ չի, շահարկես, առագաստներդ լցնես քամով։ Նա էլ, ով ղբաղվում է, ասում են դավաճան եք։ Կմեռնեք, կսիրենք, իսկ կենդանի վիճակում վտանգավոր եք, քանի որ կարիճի պես սեփական ճողովրդին չեք խայթում, օտար երկրներում եք գործում։
————————————————————
Դեպի Արարատ Depi Ararat

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել