Սիրելի ժողովուրդ, չի կարելի մեծերի լեզվով հայհոյել սեփական ժողովրդին։ Նժդեհը արդեն հոգնած կլինի իրեն մեջբերողներից։
Ընդհանրապես՝ չի կարելի հայհոյել։ Այս տարածքը կոյուղի չէ, այստեղ կարելի է բարձրացնել իրար, հույս տալ, Ձեռք մեկնել, բարի խոսք ասել։

Քննադատությունը կարող է կիզիչ լինել, սակայն երբ վեր է ածվում զգացական լուտանքի, հայհոյողն է արժեզրկվում։

Այսօր ինձ հրավիրել էին Եզդիների մի միջոցառման, նվիրված երկու տարի առաջ կատարված եղերական դեպքերին, և ես այն հասկացա, որ այս մարդիկ մեկը մյուսի մասին միայն լավն են ասում։ Ես տեսա, որ մենք սովորելու բան ունենք, որ նրանց աչքերում չարություն չկար իրենց տեսակի նկատմամբ։ Սրանք ոչ նախագահ ունեն, ոչ բանակ, ոչ զինվոր։ Թույլ են, Հայաստանի մասին խոսում են համակրանքով, սակայն իրենց մասին՝ լոկ գերադրական։

Մի ժամանակ մենք էլ էինք այդպիսին։ Երկիր դարձանք, անկախություն վաստակեցինք, հողեր ազատագրեցինք, ու սկսեցինք իրար բաժանել ղարաբաղցու, հայաստանցու և սփյուռքում ապրողի, պուտինականի և ռուսատյացի։ Վերջերս մի կին ինձ անվանեց գոռոզ շամշադինցի։ Ես դեռ գոռոզ շամշադինցի չեմ տեսել։ Թերևս ես եմ ամենագոռոզը։

Եկեք չհայհոյենք իրար, խուսափենք բառերից, որոնք բացասական ֆոն են ստեղծում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել