Իր առաջին ընտրությունից հետո նախագահ Օբամային սկսեցին զրպարտել՝ իբրև թե ԱՄՆ-ում չի ծնվել և հետևաբար նախագահ դառնալու իրավունք չունի: Սկզբում արհամարհում էր, հետո զրպարտություններն այնքան մեծացան, որ նախագահը ստիպված իր ծննդյան վկայականի պատճեն հրապարակեց:
Քանի որ իմ անձի դեմ պատվիրված, թիրախային և մասսայական արշավ է սկսվել, որի առաջին կատարողները Քաջ Նազարի բեղերով մի հեթանոս խմբագիր և սպեցիֆիկ սանրվածքով մի ուրարտական անվամբ մեկ այլ խմբագիր են, որոնք աղտոտ, բայցև զավեշտալի զրպարտություններ են հրապարակում գրեթե ամեն օր՝ ելնելով լրագրողական համայնքի իմ նորմալ գործընկերների հանդեպ հարգանքից՝ հրապարակում եմ Սորբոնի (Փարիզի Համալսարան) Քաղաքագիտության Դոկտորի (գերազանցությամբ) գիտական աստիճանը վկայող Ֆրանսիայի Պետական Դիպլոմի բնօրինակի լուսանկարը: Ասեմ նաև, որ ես PhD չունեմ, որովհետև Սորբոնը անգլո-սաքսոնական համակարգի համալսարան չէ: Նշեմ, որ ֆրանսիական Doctorat-ը շատ ֆրանսիացի մասնագետներ համարում են անգլո-սաքսոնական PhD-ից բարձր գիտական աստիճան: Ելնելով մասնավոր կյանքի, ինչպես նաև փաստաթղթերի հրապարակման հետ կապված անվտանգության նկատառումներից՝ որոշ տվյալներ, կոդեր և ստորագրություններ խամրեցված են:
Վերջին կեղծիքներով լցված աղբ-հրապարակման մնացած դրույթներին անդրադառնալը համարում եմ իմ արժանապատվությունից ցածր:
Հ.Գ. Քաղաքագիտության դոկտորի հանգամանքը ինձ համար ո՛չ հպարտության և ո՛չ էլ ինձ ինչ-որ հատուկ փայլ հաղորդելու նշանակություն ունի: Դա մի բան է, որ ես արել եմ և անցել առաջ: Եթե մասնագիտական բանավեճում հակադրելու ոչինչ չունեն, իսկ կենսագրությունում կեղտ չեն կարողանում գտնել՝ սկսում են այդ կեղտը մոգոնել: Հուսով եմ, որ սրանից հետո իմ դոկտոր լինելու հանգամանքի հետ կապված բոլոր ճղճիմություններն այլևս ի սկզբանե արժեզրկված կլինեն: Իսկ լրագրողներին պետք է խնդրեմ, որ ինձ ներկայացնելիս օգտագործեն «քաղաքագետ» տերմինը: Դոկտորի աստիճանը մի բան է, որ ինձ համար իրականում մեծ արժեք կամ նշանակություն չունի: Ինձ համար կարևոր է մարդու մասնագիտական որակը, իսկ դա, կարծում եմ, մի բան է, որ ակնհայտ է և աստիճաններով ու կոչումներով չի որոշվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել