Միմյանց նկատմամբ որքան մաղձ և ատելություն կա այս օրերին... սակայն ինչու միայն այս օրերին: Այս օրերին այսքան ատելություն ծնվել չէր կարող: Այս ատելությունը ծնվել է վաղուց և փայփայվել յուրաքանչյուրիս կրծքի տակ, իսկ մենք ժպտացել ենք իրար ու բարյացակամ վերաբերվելով ցուցադրել թե ձգտում ենք սիրո... շինծու... Եվ ինչքա՞ն է դա տևել... գուցե տարի... գուցե ավել: Իսկ այդ ընթացքում որպես բարեպաշտ քրիստոնյա եկեղեցի ենք հաճախել, Հոգևորականին դիմելով՝ "օրհնեցեք Տեր Հայր", այդ նույն Տեր հորը, ում հիմա "արա"-ով և անվայել խոսքերով ենք դիմում: Բժշկին, արցունքն աչքերին երախտապարտության խոսքեր ենք ասել մեր ծնողին կամ երեխային փրկելու համար: Հիմա բժշկին պատանդ ենք վերցնում, տարեց կնոջ ձեռքն ենք ոլորում, իրար ենք ծեծում, իրար մեջ "թուրք" ենք տեսնում, հայհոյում ենք իրար ու հայհոյում...
Ու՞ր ենք գնում: Հիմա շատերը կփորձեն մեկնաբանել, ինքնահաստատման համար գրելով թե ո՞վ է մեղավոր, և այս ամենին քաղաքական աստառ տալով կփորձեն իրենց անձին, ըստ իրենց կարծիքի, շահեկան դիրք տալ, իրենց բազմոցի վրա իրենց Կամո կամ էլ Թեհլերյան զգալու մեկ վայրկյանի համար՝ անպատվելով և ոչնչացնելով:
Ես միայն մի բան կասեմ: Իմ կերպարի համար միայն ես եմ պատասխանատու: Ես համոզված եմ, որ ոչ մի պարագայում իմ կերպարը չի մոտենա կենդանու կերպարին, չի կարող ոչ մի գործոն մեկ վայրկյանում ջնջել իմ մանկությունը, դաստիարակությունը, ազգանունս, ծնողներիս, արժեհամակարգս... Մի խոսքով ասած՝ ՀԱՅՐԵՆԻՔՍ:
Չնայած էս ինչ բաներից եմ խոսում...
ՄԱՂՁ ԵՎ ԱՏԵԼՈւԹՅՈւՆ... Հայը հայի նկատմաբ: Իրար ենք վերաբերվում ինչպես թշնամու: Կորցրել ենք մարդկային կերպարը: Սակայն եթե առանձին առանձին խոսենք՝ կխոսենք սիրուց, ազատությունից, հայրենասիրությունից կամ հայրենիքի նկատմամբ պարտքից, մարդասիրությունից, հայեցի լինելուց, հայ կնոջ կերպարից և այլ գեղեցիկ բաներից, ձևական բարյացակամությամբ և հետևից իրար աքացի տալով: Հայրենիքի գաղափարի տակ թաքնվելով հայրենիք ենք ապականում:
Ներող կլինեք ՀԱՅԵՑԻ ՄԱՐԴԻԿ, եթե հայեցիությունը սա է, ուրեմն ես չեմ կարող հայեցի լինել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել