vonnegut
Կուրտ Վոննեգուտը` XX դարի ամերիկյան ամենաճանաչված արձակագիրներից մեկը իր մահկանացուն կնքել է 85 տարեկան հասակում: Ծվել է 1922 թվականին, ասել է թե այս տարի լրացավ նրա 90-ամյակը: Նրա գրչին են պատկանում «Ուտոպիա 14», «Օրորոց կատվի համար», «N 5 սպանդանոց կամ երեխաների Խաչակրաց Արշավանքը», «Նախաճաշ չեմպիոնների համար», «Կրկնահանցագործը», «Աստված քեզ պահապան, միստեր Գևորգյան», «Գիշերամայր» և բազմաթիվ այլ վեպեր, վիպակներ, պատմվածքներ, էսսեներ, պիեսներ… Երկրորդ Համաշխարհային պատերազմի վետերան էր:  Գերի էր ընկել նացիստներին: Պահվում էր Դրեզդենի ռազմագերիների ճամբարում, ուր և ապրել է դաշնակիցների զարհուրելի ռմբակոծության սարսափները: Վոննեգուտը 1999 թ. հայտարարեց, որ դադարեցնում է գրելը: Նյու Յորքի քաղաքապետարանը 2002թ. նոյեմբերի 11-ը հայտարարեց «Կուրտ Վոննեգուտի Օր» (այդ օրը լրանում էր գրողի  80-ամյակը):

    - Ժողովրդավարության մասին Չերչիլն ասել է, որ այն իշխանության սարսափելի համակարգ է, բայց մարդիկ դրանից ավելի լավը դեռ չեն հորինել: Ովքե՞ր կկարողանային փոխարինել մարդկանց:
     Կ.Վ.- Խնդրեմ, օրինակ,- ձիերը, ընձուղտները, շիմպանզեները, սկյուռները,- պարզապես սքանչելի էակներ են: Որորները, ի վերջո: Մարդիկ միշտ էլ սարսափելի կենդանիներ են եղել և այդպիսիք էլ մնացել են առ այսօր - ես գրել եմ այդ մասին: Ես կարծում եմ, որ մարդն էվոլյուցիայի ամենամեծ սխալն է:
    - Բայց չէ՞ որ կենդանիները զուրկ են բանականությունից:
    Կ.Վ.- Իսկ նրանց ինչի՞ն է պետք բանականությունը: Որպեսզի ջրածնային ռո՞ւմբ ստեղծեն: Մենք ապակառուցողական կենդանիներ ենք: Բոլորին թվում է, թե էվոլյուցիան սքանչելի բան է: Պարզապես նայեք բեգեմոտին , և դուք կհամոզվեք, որ այն էվոլյուցիայի հրաշալի գաղափարներից մեկն է:
    - Բայց կենդանիներն էլ են բռնություն բանեցնում միմյանց նկատմամբ:
    Կ.Վ.- Իհարկե: Բայց կապիկներն ամբողջ մոլորակը վերացնել չեն կարող, իսկ մենք դա արդեն անում ենք:  Խաղն ավարտված է, որովհետև մենք մթնոլորտն ու ջուրն արդեն վերջնականապես ապականել ենք: Մենք հիանալի գործ ենք անում` աշխարհի վերջը նախապատրաստելով: Իրաքում ծայր առած պատերազմը երբեք չի ավարտվելու: Մարդիկ միշտ վրեժի են ծարավ: Նրանք պատրաստ են իրենց կյանքը զոհաբերել այդ նպատակով, իսկ նրանք կատաղելու իրավունք ունեն: Հանուն «արդարության» վերականգնման մեր թևավոր հրթիռներով բազմաթիվ մարդկանց ենք սպանում, բազմաթիվ կանանց զրկում ենք ամուսիններից, երեխաներին` հայրերից: Եվ եթե Սադդամ Հուսեյնը չպարտվեր, ատոմային ռումբ էինք նետելու: Մենք արդեն պատրաստ էինք դրան:
     - Եվ այս ամենն ինչո՞վ է ավարտվելու:
    Կ.Վ.- Ես այդ հարցում լավատես չեմ: Ինձ դուր չի գալիս այն, ինչ հիմա անում է իմ կառավարությունը: Ներկայիս ամերիկյան արտաքին քաղաքականությունը սարսափելի է:  Մինչ այս մենք երբեք պատերազմ չենք հայտարարել  փոքր երկրներին: Ներկայիս կառավարությունը պարզապես ժամանցատեղի է, չորսդին` զվարճանում են: Տիեզերական ծրագիրը գիտություն չէ: Գիտություն չկա, միայն ժամանց է, իսկ այսօրվա լավագույն զվարճանքը` ինչ-որ մեկին ջարդուխուրդ անելն է: Մեր նախագահն ուզում է մեզ զվարճացնել, չի ուզում տաղտկալի երևալ մարդկանց աչքին: Դրա համար է ընկել Սադդամ Հուսեյնի ետևից: Իրաքցի ամեն մի սպանված զինվորին մի քանի հարյուր սպանված խաղաղ բնակիչ է բաժին ընկնում: Սա է մեր ներկայիս արտաքին քաղաքականությունը:
Շարունակութունն՝ այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել