Aram-Pachyan
    Աստծուն ես միշտ օրագրով եմ պատկերացնում:
    Կաթով սուրճը դիմացը, գրիչի ծայրը կծոտելով՝ գրառում է ոչ թե միլիարդների առօրյան, այլ հենց իր կենցաղը, իր մտքերը, սիրահարվածությունները, թեկուզ անիրականանալի երազանքներն ու առաջիկա հստակ նպատակները: Պատկերացնենք, որ օրագրի մեջ նա խնամքով լրացնում է կյանքի ժամերը, գուցե միայն այս դեպքում հնարավոր կլինի հասկանալ արարման վերջնական իմաստը, որովհետև ինչ էլ լինի, Աստված ևս իրավունք ունի ժամանակ առ ժամանակ գայթակղվելու, ընկնելու դեպրեսիայի մեջ, տարվելու խոհափիլիսոփայական զեղումներով և, իհարկե, նշումների համար առանձնանալու ամենալուռ սենյակ: Ավելին՝ ես հետաքրքրված եմ նրա նախասիրություններով, նրա նիստուկացով: Հնարավոր է՝ մենք նույն երաժշտությունն ենք նախընտրում, պատմության նույն փուլերը, նույն գրքերը, նույն սնունդը, նույն ոճի պիջակները կամ, ընդհակառակը, ամեն ինչում կտրուկ տարբեր ենք: Եթե Աստված համաձայնի օրագրի հեղինակային իրավունքը վաճառել «Գալիմար» հրատարակչությանը, մի քանի ամսից մենք հնարավորություն կունենանք ընթերցելու ամենափակ հոգու կազմության, նրա հրճվանքի, նրա թուլության ու հուսահատության մի շշմեցնող խոստովանություն: Ես մտածում եմ, որ միայն այս պարագայում նա վստահություն կներշնչի մարդուն: Միայն այս պարագայում կվերականգնվի արդարությունը:
    Ֆրանց Կաֆկան 1910 թվականին իր օրագրում գրում է. 
    «Ես հստակորեն գրում եմ այս էջերը հուսահատությունից դրդված` իմ մարմնի առիթով, իմ մարմնի ապագայի առիթով»:
    «Քնեցի, արթնացա, քնեցի, արթնացա. խղճուկ կյանք»:
    «Ես այլևս չեմ թողնի օրագիրը: Այստեղ պիտի պահպանեմ ինքս ինձ, որովհետև միայն այստեղ է, որ կարող եմ»:
    Ամեն օր ամիս-ամսաթվի տակ պահպանել մարմնի ու զգացողության սուբստանցիան, այն մանուկի պես, որ գոլորշուց քրտնած ապակու վրա գծում է իր անունը: Առավոտյան կամ գիշերով լրացնել աշխարհը, որն արդեն փոխվել է: Տեսնել քեզ աշխարհին դիտելիս և սղագրել ստվերիդ կենսագրությունը:
    «Երեք օր անցկացրի Յոսինոյի բալենիների հետ»,- գրում է Մացուո Բասյոն՝ դարեր անց իր օրագրի էջերը թերթող յուրաքանչյուր ընթերցողի հետ վերադառնալով բալենու այգի: Թվում է՝ հավերժությունը բոլոր ժամանակներում նույն պատկերի ապրումն է:
    «Երեք օր անցկացրի Յոսինոյի բալենիների հետ»:
    Ամեն անգամ այս ապրումի և այս զգացականության բացվածքով է Բասյոն վերադարձնում բալենու այգին:
    Օրագրեր ես պահում էի դեռ դպրոցում: Բայց ոչ մի դպրոցական օրագիր, ինչպես նաև հետագայում լրացված էջեր, չեն պահպանվել: Որովհետև բոլորը վառում եմ: Ամեն տարի` հունվար ամսին, ես շարունակում եմ պահպանել ավանդույթը, այրում եմ օրագրերս: Ինձ դուր է գալիս վառարանում պայթելու աստիճան թեժացնել կրակը ու դռնակով մեկը մյուսի ետևից նրա մեջ նետել տարվա ընթացքում լրացրած օրագրերը: Բոցերի մեջ հարազատ դեղին, սև, զոլավոր կտորից, շագանակագույն կաշվե կազմերը կնճռոտվում են, հալվում, սորում, թշթշում փայտերին: Լինում է, որ օրագրերից մեկը հանկարծ բացվում է, ու ես տեսնում եմ, թե ինչպես է կրակն արագորեն մոխրացնում իմ անցած օրերը, անցած օրերի զմայլանքը, հուսահատությունը, զայրույթը, իմ նեղմիտ, պաթետիկ սենտիմենտները, բացականչություններն ու բառաչյունները, անտեղի ճիչերն ու տեղին հայհոյանքները, իմդիլետանտությունն ու պեդանտությունը, այլանդակությունն ու կեղծիքը, մանկամտությունն ու հրեշամտությունը, ազնվությունն ու առաքինությունը, նաև հետաքրքիր մտքերը, սարսափ երազները, վավերագրությունը, դիմանկարները, իմ ինտիմ կյանքի մանրամասները: Գեղարվեստի չափ մանրամասն այնքան մանրամասն, որ մի պահ փոշմանում եմ, ուզում եմ ձեռքս մտցնել կրակների մեջ, դուրս քաշել խորովվող իմ մանրամասնությունը, փրկել պատկանելիքս: Պարբերություններն ու բառերը, լուսանցքներին արված գծանկարները հեռանում են, ասես երբեք չեն էլ եղել: Ես լրացված օրագրերս վառում եմ` ինքս ինձ նորից հանդիպելու համար, ինքս ինձ կրկնելու հավանականությունը մերժելու համար:

 

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել