Աշնանը համակուրսեցիներիս հետ միասին գնացել էի Խոսրովի անտառ: Հիմա կասեք՝ ոնց անցավ: Ուղղակի հրաշալի էր, անչափ տպավորված եմ, խոսքեր չկան..

Անչա՜փ տպավորված եմ, ժողովուրդ։ Կլինեն մարդիկ, ովքեր խոսքիս մեջ կնկատեն սարկազմ, ինչո՞ւ ոչ, նաև հիասթափություն, խորը հիասթափություն: Է՜, գրողը տանի, ի՞նչ հրաշք, ի՞նչ տպավորություն, ի՞նչ հանգիստ: Ճանապարհին մեզ հանդիպած այն տեսարանից հետո այլևս անհնար էր նկատել, առավել ևս զմայլվել հայկական բնաշխարհիս աստվածատուր գեղեցկությամբ ու շնչով: 
Խոսրովի անտառում են գտնվում պատմական նշանակություն ունեցող 2 եկեղեցի (խոսքն իմ տեսած եկեղեցիների մասին է)` սբ. Հավուց թառ և սբ. Ամենափրկիչ: Շտապեմ ձեզ տխրեցնել` երկուսն էլ կիսավեր վիճակում են գտնվում: Բայց որ դրանք կիսավեր էին, դա գիտեին շատերը, և ցավոք, ոչինչ հնարավոր չէր փոխել: Մեր բոլորիս խնդիրը մեկն էր, պարզ ու դյուրակատար մի խնդիր` պահպանել ու նույնիսկ փայփայել մեր դարաժառանգ հարստությունը, մի բան, որի իրագործումն առաջին հայացքից խաղ ու պար էր: 
Դե հիմա ուշադիր, շատ ուշադիր, ահավոր ուշադիր, ես կասեի` խայտառակ ուշադիր եղեք, հարգելիներս: Մենք` թվով 5 ուսանողներս, 3 տղա, 2 աղջիկ, բարձր տրամադրությամբ ու երեխային հատուկ մի անհամբերությամբ մտանք եկեղեցի... Եկեղեցու քարե սալիկներից և ոչ մեկը չկար, որոնց վրա չլինեին ինչ-որ գրություններ, անուններ, մականուններ, նույնիսկ մի տեղ էլ հանդիպեցի «ՍԻԿ» բառը, ու քիչ էր մնում կաթվածն ինձ տեղում այցելության գար, էն էլ լավ էր՝ գոնե հետո պարզվեց` դա մեր իմացած «ՍԻԿ»-ը չէր, այլ Արուսիկի Սիկն էր, ուղղակի մարդիկ տողադարձ էին արել: 
Ինչպե՞ս թե, մտածում եք՝ այսքանով վե՞րջ։ Չէ մի չէ, ամեն ինչ դեռ առջևում է: Դուրս եկանք եկեղեցու բակ ու... Չգիտեմ՝ ովքեր էին, բայց որ հայերեն էին խոսում, դա հաստատ: Շուրջ 20 հոգի, երևի թե նրանցից ոչ մեկը չէր էլ հատել 16 տարեկանի սահմանը, եռանդով, ինչ-որ անհասկանալի ոգևորությամբ փայլատակում էին, բոլորն իրենց տարերքի մեջ էին, ժայռերից նետելով տաճարներից առանձնացված սուրբ քարերը`ավերում էին սրբազան այդ կառույցները: Սարսափելի տեսարան էր, այն աստիճանի զարհուրելի, որ մեզանից և ոչ մեկը չկարողացավ իր տեսածից հետո ուշքի գալ ու գոնե դեպի անդունդը նետված այդ քարերից մեկով որևէ մեկի գլուխը ջարդուփշուր աներ: Գուցե, պարտավոր էինք նման կերպ վարվել, գուցե, բայց հավատացեք, անհնար էր սթափվել այդ ամենը տեսնելուց հետո, պարզապես անհնար էր, անիրագործելի մի բան: 
Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան... Երկրներ, որոնց մենք ցայսօր մշտապես մեղադրում ենք սրբապղծության մեջ` հայտարարելով, որ այդ երկրների իշխանությունները պարբերաբար իրականացնում են հայկական սրբատեղիների ոչնչացումներ, ավերումներ... Դեմ չեմ` իրոք դրանք անմարդկային քայլեր են, աններելի քայլեր, մեկ բառով` սրբապղծություն: Բայց... Ախր ես ամաչում եմ, է, գրողը տանի, ախր մենք ինչո՞վ ենք տարբերվում նրանցից, ախր մենք ի՞նչ իրավունք ունենք բողոքել, պահանջել, չներել, ի՞նչ իրավունքով, եթե մենք ինքներս ենք նման կերպ վարվում մեր իսկ կերտած Աստծո տաճարների հետ... 
Ես ամաչում եմ, օրեցօր հիասթափվում եմ... Այս ամենն անջնջելի հետքեր է թողնում հոգուս վրա: Բայց հույսս դեռ չեմ կորցնում, շարունակում եմ հավատալ մեր ուժին, ժողովրդիս ուժին: Ժողովուրդ ջան, եկեք չկորցնենք մեր հույսն ու հավատը, եկեք միանանք ու պայքարենք նման երևույթների դեմ, եկեք միանանք ու պայքարենք հանուն մեր երկրի դարավոր արժեքների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել