Վերջերս շատ խոսվեց Թալիշ գյուղի մասին: Հավանաբար շատերն այս անունը ասոցացնում են Թալիշ ազգի հետ: Ահա, խնդրեմ, նայեք գյուղի անվանման ոդիսականը:
Գյուղը հիմնադրվել է մ.թ. 401 թ. Ուտիքի գավառի Նիժ գյուղի Յալոյլաթափա ամրոցի Թարիջ իշխանի կողմից։ Թալիշը, որը Հյուսիսային Արցախի ամենամեծ գյուղերից մեկն է, իր պատմության ընթացքում չորս անգամ փոխել է իր անունը։ Թարիջ իշխանը իր հպատակների հետ գալիս ու կանգ է առնում այժմվա Հոռեկա վանքի տարածքում գտնվող մի սառնորակ աղբյուրի մոտ, որտեղ վաղուց ի վեր Բարդայի (Պարտավի) թագավորների ամառանոցն էր։ Գաղթի երրորդ տարեդարձին Թարիջ իշխանի հրամանով իրենց փրկության օրը հայտարարվում է տոն և որոշվում, որ ամեն տարի Հոռի ամսվա այդ օրը նշել։ Հոռի ամսվա տոնակատարությունները թարիջեցիները կատարել են ամեն տարի։ Հոռի ամսվա անունից էլ այդ աղբյուրը կոչվում է Հոռի աղբյուր, ու այդ անունը պահպանվում է առ այսօր։ Կարծիք կա, որ գյուղն իր երկրորդ անունը ստացել է 1279 թվականին, բայց ամենայն հավանականությամբ Հոռեկավան կամ Հոռեկա գյուղ անվանվել է հենց 5-րդ դարից։ Դա հաստատվում է Մովսես Կաղակատվացու «Պատմությունից», որտեղ 7-րդ դարի պատմիչը հիշատակում է Հոռեկա (Ուռեկան) ավանի մասին։ Հիշատակված 1279 թվականին անվանափոխվել է վերակառուցված Գլխո վանքը և գյուղի անունով էլ կոչվել է Հոռեկա վանք։ Հոռեկավան անունը պահպանվել է մինչև 1809 թվականը։ Բոլնիսից վերադարձած թալիշցիները ավիրված գյուղը վերականգնում են այսօրվա Թալիշի տեղը և անվանակոչում այն Թբլեցիք։ 1822 թվականին Մելիք Ֆրիդոնի 4-րդ որդի և գյուղի կալվածատեր Թալիշ բեկի անունով էլ կոչում են բնակավայրը, որն առ այսօր կրում է Թալիշ անունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել