Hetq.am-ը գրում է.

Ապրիլի 30-ին Վանաձորում ծնված 2 փոքրիկներից մեկը Մարիան է: Նրա մայրը՝ 29-ամյա Լիանան, Արցախի Մարտակերտ քաղաքից է: 3 շաբաթ առաջ է Վանաձոր տեղափոխվել:

Բժիշկները վստահեցնում են, որ երեխան առողջ ու հասուն է: Փոքրիկի տեղահանված մայրը՝ Լիանան, ապրիլյան օրերի մասին խոսելիս՝ հուզվում է, նորից վերապրում տեղի ունեցածը: Ասում է, որ նորածին Մարիան իրեն ուժ է տալիս, դեմքին ժպիտ բերում. «Մենք չէինք պատկերացնում, որ սահմանում ամեն ինչ այսպես կլինի: Էդ կրակոցները միշտ էլ կան, ասեցինք կկրակեն, էլի կանցնի կգնա: Սովորել ենք էդ կրակոցների ձայներին: Բայց…»:

Ապրիլի 2-ից լսկսված կրակոցները նախորդներին նման չէին. «Այդ օրը մեր բարեկամներն էլ էին մեր տանը: Տեսանք, որ արդեն շատ են կրակում, իջանք նկուղ: Հետո եղբայրս եկավ, մեզ տարավ իրենց տուն: Մի շաբաթ մնացել ենք Ստեփանակերտում, հետո եկել Վանաձոր: Հիմա 6-ամյա տղայիս հետ ժամանակավոր ապրում ենք ամուսնուս քրոջ տանը: Իմ ապրումները, իմ ամեն մի զգացածը… չեմ կարողանում նկարագրել»,- պատմում է երիտասարդ մայրիկը:

Լիանայի ամուսինը զինծառայող է, այժմ զինակից ընկերների հետ հսկում է ոչ միայն նորածին դտեր, այլեւ բոլորիս խաղաղ օրը:

Մարիա անունն էլ պատահական չի ընտրված. «Աստված մեզ տվել է այս հրաշքին, մենք էլ որոշեցինք, որ Աստո հետ պետք է կապենք նրա անունը: Մարիա նշանակում է Աստծո հրեշտակ: Իմ բալիկի ծնունդով թող խաղաղություն գա աշխարհին»,- ասում է Լիանան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել