Քանի որ էս վերջին շրջանում ազգայնականությունից նորից շատ են խոսում, եւ հաճախ էլ սովետական փոշոտ գրքերից վերցված կաղապարներով համարում են դա «քխ»,  «հետամնաց»  երեւույթ, ապա մի քանի կետով ուզում եմ գոնե նախնական մակարդակի պարզաբանել խնդիրը:
1. Ազգայնականությունն ի սկզբանե այլ բան չէ, քան կայսրությունների կողմից ճնշված ժողովուրդների պայքար իրենց իրավունքների համար: Այլ բան է, որ հետագայում կայսերական ազգերն իրենք էլ փորձել են փոխառել ազգայնական որոշ գաղափարներ, եւ այդպիսի ազգայնականությունը ստացել է այլատյացության եւ այլ բացասական երանգներ:
2. Իր աշխարհայացքային հիմքերով ազգայնականությունն ու ժողովրդավարությունը նույնն են՝ երկուսն էլ հիմնված են կոլեկտիվ ինքնորոշման սկզբունքի վրա:
3. Նույնիսկ դասական մարկսիզմն ընդունում էր ազգայն-ազատագարկանա պայքարների առաջադիմական բնույթը:
4. Ազգայնականությունների դեմ քարոզչությունը հովանավորվել է եւ հովանավորվում է այսօր էլ մեծ տերությունների կողմից՝ հանուն իրենց մեապետական շահերի:
5. Հակաազգայնական քարոզի միջուկը հետեւյան է՝ փոքր ազգերը նացիոնալիստ են եւ նրանց հարուցած խնդիրները, պայքարները լեգիտիմ չեն: Լեգիտիմ են միայն մեծ տերությունների շահերը եւ բախումները: Իսկ փոքր ազգերը վայրենի բնիկներ են, որոնց պետք է կրթել, խաղաղեցնել եւ առնել կայսրությունների հովանու տակ: Սա այլ բան չէ քան սովորական գաղութատիրական իդեոլոգիա, որը կիրառվել է ինչպես սովետական, այնպես էլ արդի արեւմտյան կառույցների կողմից
6. Ընդամենն այսքանն է հարցի էույթյունը՝ հակաազգայնական քարոզի "առաջադիմական" քողի տակ թաքնված է կայսերական, մեծապետական իդեոլոգիան եւ մեծ տերությունների շահերը՝ ուրիշ ոչինչ:
7. Զրկվելով ազգայնականությունից՝ "փոքր ազգերը" զրկվում են իրենց սուբյեկտությունից, դիմադրության ռեսուրսից, եւ վերածվում են մեծերի գաղափարական, քաղաքական, տնտեսական շահագործման անդեմ տարածքների: Սա է իրականությունը, իսկ մնացածը՝ մեռյալ դոգմատիկա եւ բառախաղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել