Imyerevan.com-ը գրում է.

Վերնիսաժում տիրում է իրերի ու տրամադրության անախրոնիզմ: Խանի կարպետ, ցարի ինքնաեռ, սովետական երանելի տարիների շաբլոն ատրիբուտներ, վաղ անկախության տարիների սարսափազդու ֆուջիկա ու, մինչև անգամ, մեր ժամանակակից շուն ու կատու: Հնէաբան, ապրանքագետ, լրագրող, լուսանկարիչ, պոետ… բոլորն այստեղ իրենց ոգեշնչող մի բան կգտնեն:

Very good, 100% silver, handmade. վաճառողների անգլերենը սկսվում ու ավարտվում է այսքանով: Ո~նց են կաշվից դուրս գալիս իրենց այցով Վերնիսաժը պատված տուրիստի հետ խոսելիս: Շատ դեմոկրատ «պետություն» է Վերնիսաժը՝ թուրք, պարսիկ, արաբ, ռուս, եվրոպացի… բոլորն այստեղ վաճառողի աչքի լույսն են: Վերնիսաժն ունի իր «օրհներգերը»՝ սփյուռքահայի սիրտը հուզող, գրպանը դատարկող, իսկ արտասահմանցի զբոսաշրջիկին՝ ոչինչ չասող:

Վերնիսաժի աստղերից, գերակատարներից է մորթին՝ բոլոր ժամանակների բոլոր կանանց փափուկ ու տաք երազանքը: Աղվես, կզաքիս, սկյուռ… Ռուսաստանի ցուրտ հյուսիսում մուշտակ էին դառնում՝ հիմնականում տաքացնելով մինիստրների, բարձրաստիճան չինովնիկների ու «տաք» բյուջե ունեցող կանանց: Ուրիշ ժամանակներ էին, ուրիշ եղանակներ էին, ու գլոբալ տաքացումները յոթը սարի հետևում էին… Կանայք իրենց մորթե դեֆիլեն ավարտում էին՝ աչքի լույսի պես մուշտակը պահելով հաջորդ ձմռան համար:

Վերնիսաժի անբաժան մասը հին սարքավորումներն են, հատկապես՝ «Ռադուգա» ռադիոն, ոմանց համար «պրիյոմնիկ»: Մինչև համատարած թվայնացման ժամանակաշրջանն այս հսկան իր պատվավոր տեղն ուներ յուրաքանչյուր ընտանիքում: «Ռադուգա»-ի ռեպերտուարը նույնն էր, ունկնդիրները՝ անդավաճան: Էվոլյուցիայի ընթացքում 1x50սմ-անոց այս հսկան այնքան փոքրացավ, որ տեղավորվեց նույնիսկ բջջային հեռախոսների մեջ: Ինչեր են անցել այս ծակոտկեն խեղճի գլխով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել