Ենթադրենք գերմանացիների համար մի գեղեցիկ օր ՌԴ-ն քայքայվեց, և գերմանական զինված ուժերը մտան Քյոնինսբերգ, իսկ մինչ այդ այդտեղ պահպանվել էր գերմանական բնակչությունը: Ենթադրենք նաև, որ հունգարացիների համար մի գեղեցիկ օր Ռումինիան խնդիրներ ունեցավ, և հունգարական զինված ուժերը մտան հունգարներով բնակեցված Տրանսիլվանիան: Ենթադրենք կրկին, որ Հյուսիսային Իռլանդիայի բնակչությունը մի օր վերադարձավ նախնիների հավատքին՝ կաթոլիկությանը ու Իռլանդիայի Հանրապետությանը միանալու խնդրանքով դիմեց այդ երկրի ղեկավարությանը, և վերջինս դրական պատասխան տվեց: Ենթադրենք նաև, որ Ֆինլանդիայի կազմի մեջ մտնող Ալանդյան կղզիախմբի բնակչությունը որոշեց միանալ Շվեդիային և համապատասխան քայլ կատարեց այդ ուղղությամբ: Եվ, եթե առաջնորդվենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի տրամաբանությամբ, ապա բոլոր այդ դեպքերում տեղի է ունեցել նշված տարածքների օկուպացում: Որպես ՀՀ քաղաքացի՝ ես ցանկանում եմ, որպեսզի իմ հիշատակած, ինչպես նաև չհիշատակած, սակայն նման խնդիրներ ունեցող տարածքները մի գեղեցիկ օր արժանանան նույն այն վերաբերմունքին, ինչ Արցախի հայ բնակչությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել