Iravaban.net–ը գրում է.

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքով լրացում է կատարվել ՀՀ ընտանեկան օրենսգրքում: Իրավաբան.net-ը շարունակում է քաղաքացիներին իրազեկել ՀՀ օրենսդրության փոփոխությունների մասին:

Ստորև ներկայացնում ենք ՀՀ ընտանեկան օրենսգրքի ամուսնալուծությունը դատական կարգով հոդվածում հաշտարարության մասով կատարված լրացումը: Մասնավորապես ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն.

1. Ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով, եթե՝
ա) բացակայում է ամուսնալուծության մասին ամուսիններից մեկի համաձայնությունը.
բ) ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայության, խուսափում է ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում կատարելուց.
գ) ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով:

2.Ամուսիններից մեկի դիմումով ամուսնալուծության գործեր քննելիս դատարանը իրավունք ունի միջոցներ ձեռնարկելու ամուսիններին հաշտեցնելու համար և իրավունք ունի գործի քննությունը հետաձգելու՝ հաշտվելու համար ամուսիններին տրամադրելով մինչև երեքամսյա ժամկետ: Դատարանն իրավունք ունի նաև կողմերին առաջարկելու ամուսնալուծության, ինչպես նաև ամուսնալուծվելիս ամուսինների միջև ծագող վեճերով գործը լուծել հաշտարարության միջոցով` պարզաբանելով վերջինիս էությունը, ինչպես նաև քայլեր ձեռնարկելու ամուսիններին հաշտեցնելու համար: Այս դեպքում ամուսնալուծությունը կատարվում է, եթե ամուսինները (նրանցից մեկը) պնդում են ամուսնալուծվելու համար:

3. Ամուսնալուծության համար ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում դատարանը լուծում է ամուսնությունը ամուսինների կողմից ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից ոչ ուշ՝ մեկամսյա ժամկետում: Տեղեկացնենք, որ հաշտարարության ինստիտուտը հանդիսանում է վեճերի լուծման այլընտրանքային եղանակներից, այն ՀՀ-ում ներդրվել է 2015թ.-ի մայիսից և հանդիսանում է արդյունավետ միջոց նաև ընտանեկան վեճերի լուծման համար: Հաշտարները որակավորման քննության հանձնման միջոցով հաշտարարի արտոնագիր են ստանում ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն.

1. Հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը քաղաքացիաիրավական, աշխատանքային կամ ընտանեկան որոշակի իրավահարաբերության կապակցությամբ կողմերի միջև կնքված գրավոր համաձայնություն է` առկա կամ հնարավոր բոլոր կամ որոշակի վեճերը հաշտարարության միջոցով լուծելու վերաբերյալ: Հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը կարող է կնքվել ինչպես պայմանագրում վեճերը հաշտարարության միջոցով լուծելու վերաբերյալ կանոնակարգում նախատեսելու միջոցով, այնպես էլ առանձին համաձայնագիր կնքելու միջոցով։

2. Եթե կողմերը հաշտարարության վերաբերյալ համաձայնությամբ կամ այլ կերպ չեն սահմանել հաշտարարին ընտրելու ընթացակարգ, ապա հաշտարարի ընտրությունը կողմերը պետք է իրականացնեն վեճը առաջանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում: Եթե կողմը խուսափում է հաշտարարի ընտրությունից, ապա մյուս կողմն իրավունք ունի դիմելու իր բնակության վայրի դատարան՝ հաշտարար նշանակելու խնդրանքով: Եթե կողմերը չեն կարողանում ընտրել հաշտարար, ապա իրավունք ունեն դիմելու դատարան` արտոնագրված հաշտարար նշանակելու մասին դիմումով։ Դիմումը պետք է պարունակի սույն մասով նախատեսված տեղեկություններ, դիմումին պետք է կցվի հաշտարարության համար հիմք հանդիսացող ապացույցը, ինչպես նաև ստորագրվի դիմող անձի կամ լիազորված անձի կողմից: Դիմումը և կից փաստաթուղթը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, դատարանը նշանակում է արտոնագրված հաշտարար, եթե դիմումը համապատասխանում է սույն մասով սահմանված պահանջներին։

3. Հաշտարարություն կարող է նշանակվել ինչպես ամբողջ դատական վեճով, այնպես էլ ինքնուրույն պահանջի մասով, եթե այդ մասի առանձին լուծումը հնարավոր է հաշտարարության միջոցով: Դատարանի նշանակած հաշտարարության սկզբնական ժամկետը չի կարող գերազանցել վեց ամիսը: Կողմերի համատեղ միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ` մինչև վեց ամիս ժամկետով: Դատարանի կողմից նշանակվող հաշտարարության ժամկետի սկիզբ է համարվում արտոնագրված հաշտարարի նշանակման օրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել