Իրականում կնոջ և տղամարդու մոտ սերը ունի միանգամայն տարբեր ակունքներ և դրսևորվում է միանգամայն տարբեր ձևերով: Կնոջ մոտ սերը նրա ինտուիտիվ գոյության վերափաստարկումն է, նրա ներքին գեղեցկության և կենսաստեղծման բնազդի պոտենցման, առարկայացման հնարավորությունը, տղամարդու մոտ սերը սեփական անհատականության կայացման և նրան իշխող դիրք տալու փորձն է: Կինը սիրում է, որպեսզի ձուլվի, տղամարդը սիրում է, որպեսզի կայանա: Կինը չունի կայացման խնդիր, իսկ տղամարդու համար այդ խնդիրը գոյաբանական է: Մի խոսքով, կնոջ և տղամարդու կեցության ձևերը միանգամայն տարբեր են, նրանց հոգեկան աշխարհի հիմքերը գտնվում են տարբեր մակարդակներում` կնոջը` ինտուիտիվ, տղամարդունը` անհատական-գիտակցական, և այս շերտերը կարող են հանդիպել միայն իրական սիրո մեջ, որտեղ, միևնույնն է, կինը փնտրելու է այն, ինչ անհրաժեշտ է իրեն, իսկ տղամարդը այն, ինչ անհրաժեշտ է իրեն: Իսկ նրանց անհրաժեշտ են տարբեր բաներ, և գուցե հենց սրանում է կայանում սիրո հրաշքը, քանի որ եթե երկու կողմին էլ անհրաժեշտ լիներ միևնույն բանը, ապա դժվար թե մարդը ինքնակամ նետվեր դեպի այն անհատական էմոցիոնալ աղետը, որը կոչվում է սեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել