Tert.am-ը գրում է.

10.36


Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում հնչած կրակոցների վայր  մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1975 թ. ծնված Աշոտ Խամոյանը մի խումբ անձանց հետ (տվյալները ճշտվում են) հրկիզել են Համլետ Դ.-ի հացի փռի դիմաց կայանված «ՎԱԶ-2121», «ՎԱԶ-2102» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները, Իշխան Ս.-ի տան բակում կայանված «ԶԻԼ» մակնիշի 2 ավտոմեքենաները և Հունան Ս.-ին պատկանող անասնագոմը:

Կատարվում է նախաքննություն: 
 

09.57


Արագածավանում այսօր հնչած կրակոցների դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունից մանրամասներ են հաղորդում։ Մասնավորապես նշվում է, որ փետրվարի 3-ին, ժամը 23.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել 1976 թ. ծնված Արտյոմ Խամոյանի դիակը և 1984 թ. ծնված Արման Խ.-ն՝ հրազենային վնասվածքներով: 

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23-ի սահմաններում, Արագածավան գյուղի Հոկտեմբերյան խճուղու թիվ 33 շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 1981 թ. ծնված Սեդրակ Ղ.-ն իրեն պատկանող «ՖԱԲԱՐՄ» տիպի, 12 մմ տ/չ ողորկափող որսորդական հրացանից կրակոց է արձակել, ինչի հետևանքով Արտյոմ Խամոյանը և 1967 թ. ծնված Վարդգես Գալստյանը մահացել են, իսկ Արման Խ.-ն ստացել է մարմնական վնասվածքներ:

Փետրվարի 4-ին, ժամը 01.00-ին, Սեդրակ Ղ.-ն բերման է ենթարկվել բաժին: Զենքն առգրավված է: Կատարվում է նախաքննություն: 

09.39


Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում այս գիշեր հնչել են կրակոցներ, որոնց հետևանքով կա 2 զոհ և 1 վիրավոր:

Տեղեկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Ըստ Shamshyan.com–ի՝ մահացածներն են 40-ամյա Ա. Խ.–ն և 49-ամյա Վ. Գ., իսկ վիրավորը սպանվածներից մեկի՝ Ա. Խ.–ի եղբոր որդին է՝ 32-ամյա Ա. Խ.–ն: Նշված անձինք բնակվում են նույն գյուղում:

Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղում հայտնաբերել են «Ford Transit», «Mercedes» և «Ժիգուլի» մակնիշի ամբողջովին վնասված ու ջարդված ավտոմեքենաներ, իսկ գյուղի փռի մոտ` ամբողջովին ջարդված և վնասված, կողաշրջված «Նիվա» մակնիշի ավտոմեքենա: Փռի ապակիները ամբողջովին կոտրված են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել