Ընդամենը մեկ տարի առաջ Ադրբեջանի նախագահը ցանկացած առիթի ժամանակ ջանասիրաբար գովում էր իր երկրի վառելիքային ռեսուրսները: Նա ասում էր, որ բնական գազի այնքան պաշար ունեն, որը կբավարարի Եվրոպայի ամբողջ պահանջարկը: Նա անգամ նշում էր, որ իրենց նավթի ու գազի պաշարներն անսպառ են, իսկ ելույթներից մեկի ժամանակ էլ հայտարերեց, որ ճանապարհը, ջուրը, նավթն ու գազը միասին կյանք են: Նա իր երկրի բնակչությանը հավատացնում էր, որ ունենալով նավթ ու գազ՝ իրենք ունեն ամեն ինչ, որ կարող են գնել ամեն ինչ ու ամեն մեկին:
Ինձ թվում է, որ մի քանի օր առաջ ադրբեջանցի ուսանողների հետ հանդիպման ժամանակ Ալիևի ելույթը լսելով՝ այդ հանդիպմանը ներկա շատ ուսանողների մոտ կասկած է առաջացել՝ արդյոք նա Ալի՞ևն է, թե՞ մեկ ուրիշ մարդ է:
Մասնավորապես՝ նա երիտասարդներին հորդորել է լավ սովորել, որովհետև վաղ թե ուշ նավթն ու գազը վերջանալու են, և որ բարեկեցիկ երկիր կարելի է ունենալ միայն կրթության ու գիտության զարգացումով: Նա որպես օրինակ նշել է Արևմուտքի երկրներին՝ ավելացնելով, որ ավելի շատ նավթ ու գազ արտահանող մեծ երկրներն էլ իրենց այդ էներգակիրները հանքերից դուրս են բերում միայն զարգացած գիտություն ունեցող երկրների ստեղծած մեխանիզմներով ու սարքավորումներով:
Վերջին տողերը կարդալով՝ կարելի է մտածել, որ բավականին իմաստուն մարդ է Ալիևը, բայց չէ, դա բոլորովին այդպես չէ: Միայն իսկական հիմարը կարող էր նման մեծ ռեսուրսները երկրի գիտության ու տնտեսության զարգացման համար օգտագործելու փոխարեն անիմաստ բաների վրա վատնել և հետո խոսել այդ ոլորտները զարգացնելու անհրաժեշտության մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել