Հռչակավոր հայ երգչուհի, Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող,ժողովրդի կողմից շատ սիրված երգչուհի Լուսինե Զաքարյանը ծնվել է 1937թ.-ի Հունիսի 1-ին Ջավախքում: Մանկությունից ցուցաբերել է մեծ հետաքրքրություն դեպի երգարվեստը: 1952թ. տեղափոխվել է Երևան և հաճախել տեղի երաժշտական դպրոց: 1957թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալի բաժին, որտեղ արդեն նկատվել է երգչուհու տաղանդը: 1970-83թթ եղել է Հայաստանի Ազգային հեռուստաընկերության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհի: Այդ ընթացքում նաև երգել է Էջմիածնում` հայկական առաքելական եկեղեցու երգչախմբում: Գերազանց կատարել է միջազգային օպերային, ինչպես նաև` հայկական ժողովրդական և հոգևոր երաժշտություն: Դեռևս սովետական տարիներին, երբ արգելվում էին բազմաթիվ երաժշտական ոճեր, ինչպես նաև հոգևոր երաժշտությունը, նա համարձակություն է ունեցել հայկական հոգևոր երաժշտությունը բարձրացնել բեմ: Մեծ ռեպերտուարի շնորհիվ` նրա երգերը ներգրավվել են համաշխարհային բազմաթիվ հավաքածուներում, այդ թվում` Ռուսաստանում թողարկված «Ավե Մարիա» երաժշտական ալբոմում: Հրաշալի և անթերի է կատարել Կոմիտասի հոգևոր երգերը և տաղերը: Արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: Մահացել է Երևանում, աճյունն ամփոփված է Էջմիածնի Սբ. Գայանե եկեղեցու բակի գերեզմանատանը:

Երբ Լուսինեն երգում է «Սուրբ-սուրբը», ամբողջ հրեշտակները բազմությամբ իջնում են Մայր աթոռ ու փառաբանում Աստծուն իր այդ երգեցողության ու նրան ի վերուստ տրված շնորհի համար։ — Կաթողիկոս Վազգեն Ա

Լուսինեն հայ երգարվեստի մեջ նույն դերն ունի, ինչ ճարտարապետության մեջ՝ Թորոս Թորամանյանը։
— Պարույր Սևակ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել