Ի տարբերություն նախորդ տարիների՝ այսօր կարծում եմ, որ Սովետական Միությունը կործանվեց գորբաչյովյան քաղաքական ռեֆորմների և ոչ թե այն պատճառով, որ տնտեսությունը վաղուց արդեն հոգեվարքի մեջ էր: Եվ ի տարբերություն սովետի՝ Չինաստանը Դեն Սյաո Պինի օրոք նախաձեռնեց տնտեսության առողջացման գործընթացը՝ հընթացս ճնշելով ուսանողական ընդվզումը: Եվ որքան էլ հակաժողովրդավարական հնչի՝ եթե տնտեսությունն անկում է ապրում կամ մի կերպ գոյատևում, ապա առանց դրա առաջնահերթ առողջացման երկիրը կանգնում է քաղաքական ցնցումների առաջ, եթե բացվում են քաղաքական «փականները»: Եվ դա հասկանալի է՝ իր կյանքից դժգոհ զանգվածը, որոշակի ազատություններ ստանալով, գրոհում է իշխանության միջնաբերդը՝ լինի դա Բաղրամյան 26, թե մեկ այլ հասցեում: Այնպես որ, մեր երկրի թիվ մեկ խնդիրը տնտեսության առողջացումն է, ինչը, սակայն, քրեաօլիգարխիկ համակարգի պայմաններում անիրագործելի է, քանի որ հենց ինքն է տնտեսության խղճուկ վիճակի պատճառը: Եվ քանի որ խիստ կասկածելի է մեր երկրում հեղափոխության հաղթանակը, ինչը կվերացներ քրեաօլիգարխիկ համակարգը, ապա միակ ելքը մնում է Սերժ Սարգսյանի կողմից տնտեսության իրական բարփոխումներ սկսելը, ինչպես ժամանակին Չինաստանում կատարեց Դեն Սյաո Պինը: Ասվածին այլընտրանք ուղղակի չեմ տեսնում՝ սիրեմ ես Սարգսյանին, թե ատեմ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել