Իրանի նավթի նախարարության Ազգային գազի արտահանման ընկերության տնօրեն Ալի Ռեզա Քամելին հայտարարել է, որ Իրանն ու Վրաստանը նախնական պայմանավորվածության են եկել իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան արտահանելու հարցում:
Քամելին ասել է, թե նախատեսվում է տարեկան Վրաստան արտահանել մինչև 500 միլիոն խորանարդ մետր գազ: Ըստ նախնական հաշվարկների` նախատեսվում է, որ մատակարարումները կարող են կազմել օրական 8,5-14 մլն խմ։ Բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ պայմանավորվածությունը երկարաժամկետ է, սակայն այլ մանրամասներ չի հայտնել, այդ թվում՝ թե իրանական գազի հազար խորանարդ մետրի դիմաց վրացական կողմը որքան է վճարելու: Իրանական գազի հիմնական սպառողները դառնալու են Վրաստանում գտնվող էլեկտրակայանները։
Մինչ այս Իրանն Ադրբեջանի հետ գազի փոխադարձ մատակարարումների, իսկ Հայաստանի հետ գազի մատակարարման մասին համաձայնագրեր էր կնքել։
Նախատեսվում է Հայաստանի գազամուղը շահագործել ամբողջ հզորությամբ, ինչը Հայաստանի տնտեսության համար կունենա բավականին լուրջ խթան: Թեհրանում կարծում են, որ իրանա-վրացական գործարքը թույլ կտա ավելի մեծ ծավալով շահագործել հայ-իրանական գազատարը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել