Շատ բարդ թեմայի շուրջ եմ ուզում խոսել։
Փառք ու պատիվ նրանց, ովքեր զինվոր են հոգով։
Քառապատիկ փառք ու պատիվ այն ծնողին, ով որդուն բանակ է ճամփում, առանց քննարկելու, համեմատելու, բաղդատելու;
Ես, ծնկած խոնարհվում եմ Ձեր առջև։
Հազարապատիկ փառք ու պատիվ նրան ով զոհն ընդունել գիտի։
Ես համբուրում եմ Ձեր Ձեռքն ու ասում՝ Ձեր որդին որպես մարդ՝ իրականացավ, դարձավ պանթեոնի մաս, իսկ նա, ով փախել է, թաքնված է, և դա բացատրում է սոցիալական անարդարությամբ կամ որևէ այլ պատճառով, նա էլ է մերը, նա էլ իր մարդուկի ընթացքն է ապրելու, գուցե հարյուր տարի։ Սակայն կյանքը Ձեր որդու ապրածն է։ Մի թույլ տվեք շահարկեն Ձեր ու մեր ազգի զավակի սուրբ անունն ու սուրբ գործը։
Տղամարդուն պարտքի զգացումն ու սխրանքն են զարդարում։
Նրանք, ովքեր թաքնվում են, այո, պիտի պատասխանեն մի օր, բայց բանակի գոյությունն ու Արցախյան սուրբ հերոսամարտի տրամաբանությունը ենթակա չէ քաղքենի քննարկումի։
Սիրտս պայթում է արդեն այս առօրեականությունից։ Ասես ոսկոր չկա լեզուների տակ։ Ասես, խիղճը սակարկելով են պարզաբանելու։
Զինվորը կռվելու համար է։ Երբ նա կանգուն է, թիկունքում խաղաղություն են վայելում ցեղակիցները։ Մի տեսակ ոնց որ կորցնում ենք մեզ, ծառայում օտարին, օտարի բանակում սխրանքներ գործում, թաքցնում մեր որդիներին։ Անընդհատ քննարկումների մեջ ավազի հետ ոսկին ենք կորցնում։ Այսպես չի կարելի։ Կանգ առեք։
Բանակում չծառայածին աղջիկ մի տվեք։
Պետական պաշտոն մի տվեք։
Թոշակ մի տվեք։
Պատիվ մի տվեք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել