Один русский богослов доказал, что конец света возможен в одной, отдельно взятой стране.
Старый советский анекдот


Վերջերս գրել էի Ֆեյսբուքում, որ աշխարհի վերջի թեմայով բոլոր կատակները՝ անհամ ու ծեծված են։ Ավելի լավ է մտածենք հայերիս վերջի մասին։ Լուրջ, առանց տափակ հեգնանքի, առանց միանգամից մերժելու և իրար վրա հարձակվելու։

Հայերիս՝ որպես կործանման գնացող ազգի պնդման դեմ միայն մեկ փաստարկ եմ լսել, այն է, թե մենք վերապրել ենք Ասորեստանն ու Հունաստանը, Հռոմեական կայսրությունն ու Բյուզանդիան, մոնղոլներին ու Արաբական խալիֆաթը։ «Մենք եղել ենք, կանք ու կլինենք» (արտասանել պաթոսով, հայացքը դեպի հեռուները հառած)։

Սա շատ թույլ փաստարկ է։ Անցյալում երկու քարի արանքից մի քանի անգամ պլստալը որևէ երաշխիք չի տալիս, որ վաղն էլ կպլստանք։

Փոխարենը կան այսպիսի փաստարկներ...

Նախ՝ հայկական ինքնության կրողների թիվը ֆիզիկապես կրճատվում է։ Մեզ գցել են շատ գլոբալ (նույնիսկ կասեի՝ մսաղացային) գործընթացների մեջ, ու մենք ոչ միայն չենք ստեղծել որևէ պաշտպանական մեխանիզմներ, մեծ հաշվով մենք ըսկի չենք էլ հասկանում՝ ինչ է կատարվում։ Չենք հասկանում քիչ է, դեռ մի բան էլ առանց հասկանալու ողջունում ենք ու վազում ընդառաջ։ Այդ գործընթացներն էլ ուղղակիորեն անիծում են ժողովրդագրության հերը։

Երկրորդը՝ մենք համարյա կորցրել ենք ուրույն մշակույթ ստեղծելու այն ամբողջ ենթակառուցվածքը, որի հաշվին ժամանակին ստեղծվում ու զարգանում էր ժողովրդական արվեստ կոչվածը։ Այսօր Հայաստանում ժողովրդական (յուրօրինակ և նոր) ստեղծագործություններ այլևս չեն ստեղծվում, լավագույն դեպքում եղածն է վերամշակվում։ Դա բնական է, որովհետև այսօրվա գյուղացին մեծ մասամբ ո՛չ վարում է, ո՛չ էլ ցանում։ Նա էլ, ով վարուցանք է անում, երգ չի երգում, շատ-շատ ռադիո է միացնում։

Այն ամբողջ ժամանակը, որ մարդն առաջ կծախսեր ինչ-որ բան ստեղծելու վրա, նա հիմա ծախսում է հեռուստացույց դիտելու, «լավագույն դեպքում» սոցցանցերում ինքնացուցադրության վրա։

Երրորդ՝ կրթական համակարգի կոլապսը։ Հարցն այստեղ նույնիսկ հայալեզու-օտարալեզուն չէ, հարցն այն է, որ թե´ դպրոցներում, թե´ բուհերում այնպիսի վիճակ է, որ այսօր մեծ խնդիր է ցանկացած գրավոր լեզվին բավարար մակարդակով տիրապետող երիտասարդ մասնագետ գտնելը, էլ չասեմ՝ վերլուծական և ինքնուրույն կատարելագործվելու ունակություններով։ 4-6 տարի բուհում սովորածը չի կարողանում պարզագույն տրամաբանական պատճառահետևանքային շղթաներ կառուցել։ Հա, ասեմ նաև, որ երիտասարդի մեղքը չէ. ավագ սերնդի (այսինքն՝ նաև իմ) մեղքն է։ Ծնողների, որ երբևէ մի թթու խոսք ասած չկան իրենց երեխուն, որ հանկարծ «երեխայի մոտ տռավմա չլինի», կիսագրագետ ու անգյալ ուսուցիչների ու դասախոսների մեղքն է, ընդհանուր առմամբ՝ ամբողջ հասարակության մեղքն է, և ամենակարևորը՝ դա սպառնալիք է նույն այդ հասարակության գոյությանը մոտ ապագայում։

Ավելին՝ այնքան արագ ենք ամեն ինչ մոռանում, որ դա արդեն հավասարազոր է ինքնապահպանման բնազդի կորստին։ Թմրամոլի պես շրջապատող իրականությունից կտրված վիճակում ենք։ 24 տարի պատերազմական վիճակում լինելով հանդերձ՝ հիշում ենք պատերազմը միայն երբ լուրջ բախում է լինում շփման գծում։ Մի քանի օր հիստերիկաներ, վայվույներ... ու հետո լռություն։ Հիշո՞ւմ եք՝ ինչ բուռն քննարկումներ էին, երբ ադրբեջանցի դիվերսանտները սպանեցին 3 հայ զինծառայողի Մովսես-Այգեպար ճանապարհի վրա։ Համոզված եմ, որ այդ բուռն քննարկողների ճնշող մեծամասնությունն արդեն մոռացել էր թե´ Մովսես, թե´ Այգեպար անունները, ու քարտեզի վրա էլ չեն գտնի դրանք։ Էլ ավելին՝ հետաքրքիր էլ չէ զոհվածների ընտանիքների ներկա վիճակը։

Այսօր ավելի կարևոր թեմա է «աշխարհի վերջն» ու Սիրուշոյի «Պրեգոմեշը»։

Ո՞վ է այսօր հիշում հունիսի սկզբի կռիվները։ Ո՞վ է հիշում՝ քանի հայ զինվոր զոհվեց ու որտեղ։ Իսկ վիրավորներից տեղյա՞կ եք։

* * *

Լավ, իսկ կա՞ն լուծումներ։

Կան։ Հուսով եմ։

Դեմոգրաֆիա. գուցե սխալվում եմ, բայց այսօր ամենաբարձր ծնելիությունը ազատագրած տարածքում է։ Մարդիկ ապրում են համեմատաբար ծանր պայմաններում, հաճախ՝ «քաղաքակրթությունից» կտրված ու շատ ավելի առողջ են, շատ ավելի հավեսով են ապրում ու սերունդ տալիս, քան Հայաստանի այլ շրջաններում։ Որևէ մեկը փորձ չի անում հասկանալ այդ ֆենոմենը (իրականում՝ դեմոգրաֆները շատ լավ գիտեն պատճառները, ուղղակի բացատրեն էլ՝ ոչ ոք չի լսի, որովհետև հանրության մեծ մասի պատկերացումներին խիստ հակասում են դրանք)։

Մշակույթ. մի բանը, որ ուրույն ճանապարհով զարգանա, իրեն որոշ չափով մեկուսացում ու զարգանալու ժամանակ է պետք։ Եթե ստեղծողը ողողված է տեղեկատվական հոսքերով, անընդհատ հեղեղված է այլ մշակույթների արտադրանքով, օրը 24 ժամ զբաղված է (այլոց մշակույթը) սպառելով, ապա նա ուղղակի ժամանակ էլ չունի սեփականը ստեղծելու։ Լավագույն դեպքում կրկնօրինակի, բայց գնալով դրա ժամանակն էլ չունի, որովհետև click-click-like-like-share-share, click-click-like-like-share-share և այսպես անվերջ։

Կրթություն. անկախ համակարգ պիտի ստեղծվի, գուցե՝ տնային դպրոցների (ի դեպ, եթե հիշողությունս չի դավաճանում, ԱՄՆ-ում մոտ 4 մլն ընտանիք իրենց երեխաներին տանն են կրթում) ու մասնագիտական դասընթացների տեսքով, որոնք ապագայում կդառնան փոքր մասնավոր համալսարաններ։ Դրանք էլ իրենց հերթին մասնագետներ կպատրաստեն՝ հաշվի առնելով Հայաստանի իրական խնդիրներն, այլ ոչ թե դրսից մեր վզին փաթաթվող օրակարգերը։

Առաջարկածս լուծումները երկարաժամկետ են, ծախսատար ու առանց երաշխիքների։ Բայց եթե այսօր չարվի, ապա վաղը «աշխարհի առանձին վերցրած մեկ երկրում» աշխարհի վերջ տոնող էլ հնարավոր է չմնա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել