Ժիրայր Սեֆիլյանի մարտական ուղին գնահատում եմ ու այդ մասին արտահայտվել եմ քանիցս: Նույնը, ցավոք, չեմ կարող ասել նրա քաղաքական, հանրային գործունեության մասին: Դրանում միշտ գերիշխել են արկածախնդրությունն ու պաթոսը:
2013-ին Ժիրոն «համազգային» պայքարի էր դուրս եկել գործարար Սամվել Ալեքսանյանի դեմ, ով վերակառուցել էր Փակ շուկան` այն աղբանոցից վերածելով ժամանակակից ունիվերսալ առևտրի կենտրոնի: Ի վերջո, Մաշտոցի պողոտայի բնակիչներն իրենց տարածքից վտարեցին քսան աղմկարարներին, ովքեր «համազգային շուխուր» էին բարձրացրել` մի քանի կոպեկ կպցնելու համար:
Հիմա Ժիրոյին են միացել ճակատագրի ու ժամանակի ուժով մարգինալացած մի քանի գործիչներ` ընդդիմության իրական առաջնորդի կարգավիճակը մսխսծ ու «համազգային աղոթքի» սիրահար Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ: Առնվազն նողկալի է, որ հարթակի տղամարդիկ թաքնվել են Զարուհի Փոստանջյանի լաչառության հետևում` մարմնավորելով մերօրյա Փանջունուն:
Հարյուր, երկուհարյուր հոգի գիշերով շրջում են Երևանի կենտրոնում և իրենց աղմուկով խանգարում են տարեցի ու մանկան, առավոտ կանուխ գործի ու դասի շտապող մարդկանց քունը:
Էս մարդիկ ոչ թե հեղափոխություն են անում, այլ դա մուրում են իրենց արհամարհող ու ծաղրող քաղաքացիներից:
Եթե Ժիրոյին ու Րաֆֆուն հազարներ, լավ` գոնե հարյուրներ չեն միանում, ապա խնդիրն իշխանության արգելքներն ու եղանակը չեն, այլ Փանջունու կերպարի ողբերգականությունը, քաղաքական ֆիասկոյի անխուսափելիությունը:
Քաղաքական մուրացկանությունը վերածվում է քաղաքական կրկեսի, որը մեկ շաբաթ շարունակ «բեմականացվում» է Երևանի կենտրոնում: Փույթ չէ, որ մարդիկ կուշտ են նաև այդ կրկեսից, որը թափառաշրջիկի պես ներխուժում է ցանկացած պահի` առանց հրավերի:
Ու եթե ոստիկանությունն իր հանդուրժողականությամբ սա հանդուրժում է, քաղաքի կենտրոնի «քաղաքական շաբաթօրյակով» կզբաղվեն երևանցիները...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել