Մի քանի ժամ առաջ ամփոփվեցին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի արդյունքները: 825.622 ընտրողներ «այո» ասացին Սահմանադրության փոփոխություններին:
Այս փոփոխությունները լուրջ ազդակ են բոլորիս ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալու մեր գործին, հասկանալու, որ մեզնից շատ բան է կախված, որ մենք ենք իրականում իշխանության կրողը:
Այս փոփոխությունները սահմանեցին համապատասխան գործիքներ, որոնցով աշխատելը հանգեցնելու է մեր պետության բարօրությանը, մեր լրջագույն մարտահրավերներին ըստ պատշաճի դիմագրավմանը:

Կանցնի որոշակի ժամանակահատված, նախքան փոփոխություններն ամբողջ ծավալով կմտնեն ուժի մեջ: Այդ ժամանակահատվածն անհրաժեշտ է արդյունավետորեն օգտագործել: Բոլոր այն քաղաքացիները, ովքեր, ցավոք, այս ընթացքում այդպես էլ չծանոթացան Նախագծի տեքստին կամ գոնե ունկնդիր չեղան համապատասխան քննարկումներին, մեկնաբանություններին, լավ կլինի, որ արագորեն լրացնեն այդ բացը:
Առաջիկա ամիսների կարևորագույն խնդիրներից մեկն օրենքների համապատասխանեցումն է Սահմանադրության փոփոխություններին: Իմ գործառույթների շրջանակներում (և ոչ միայն) պատրաստ եմ կրկնապատկել, եռապատկել ու քառապատկել ջանքերս՝ այդ գործընթացին աջակցելու համար:
Միով բանիվ, բոլորիս հաջողություններ եմ մաղթում: Ապրեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել