Մի քանի անգամ զանազան առիթներով նշել եմ, որ Meduza.io-ն քարոզչական պռոյեկտ է։ Ստորև՝ ևս մեկ ապացույց, որ «Մեդուզան» թեպետ և բարձրորակ ու նուրբ, բայց այնուամենայնիվ քարոզչական պռոյեկտ է։ Իսկ երբեմն ոչ էլ թե նուրբ է... Քիչ առաջ տեքստ եմ կարդում՝ «Նյու Յորք Թայմսում» հրապարակած հոդվածի հիման վրա այն մասին, որ ԻՊ-ի գործերը վատ են, սկսել է կրճատել աշխատավարձները թե´ մասնագետների, թե´ իր զինյալների, մարդիկ սկսել են փախնել։
Հետաքրքի՞ր է։ Այո։
Բայց հարց է առաջանում. իսկ ո՞րն է պատճառը, որ ԻՊ-ի գործերը սկսել են վատանալ։ (Սա լրագրության մեջ ընդունված այսպես կոչված 5W պարտադիր հարցերից մեկն է. «Ինչո՞ւ» — Why?։) Հավանական վարկածներից մեկը պիտի լինի. «Գուցե Ռուսաստանի ռմբակոծություննե՞րն են», բայց չէ. հոդվածի սկզբում գրված է. «Несмотря на бомбардировки международной коалиции и России, ИГ ... продолжает существовать и организовывать теракты в Европе и Египте»։ Ուղիղ չեն ասում, բայց ընթերցողի մոտ տպավորություն ստեղծվում է, թե ռմբակոծությունները կապ չունեն։
Եւ հարցն այդպես էլ անպատասխան է մնում։ Զարմանալիորեն, երբ «Մեդուզան» լուսաբանում է, ասենք՝ Ռուսաստանի իշխանությունների գործողությունները, ճիշտ հարցեր տալու խնդիր երբևէ չի ունենում, իսկ այս դեպքում կարծես անավարտ է հոդվածը։ Որոշում եմ սկզբնաղբյուրը կարդա։ Ու նկատում եմ, որ «Նյու Յորք Թայմսի» հոդվածի վրա ակտիվ հղում կամ թեկուզ հոդվածի վերնագիրը և հրապարակման ամսաթիվը չկա տեքստում։ «Մեդուզայի» կարգի պրոֆեսիոնալ հարթակի համար սա ևս շատ տարօրինակ մոտեցում է։
Վերջապես գտնում եմ «Թայմսի» հոդվածը։ Այնտեղ հենց սկզբներում գրած է. «But frequent executions of those suspected of spying and deadly airstrikes by government jets made life hard», ինչպես նաև. «Under pressure from airstrikes by several countries, and new ground offensives by Kurdish and Shiite militias...»: Ու թեպետ ամերիկացիներն էլ են շատ զգույշ գրում, որ հանկարծ բերաններից չթռցնեն, որ ռուսների՝ Ասադին օժանդակելու շնորհիվ է Դաեշի գործերը վատացել, բայց դժվար չէ կետերն իրար միացնել ու հասկանալ, որ կառավարական և իրենց քիչ թե շատ դաշնակից ուժերի աշխուժացումն է ահաբեկիչների գործին խփելու պատճառը։ Իսկ այդ աշխուժացումն էլ իր հերթին ուղղակիորեն կապված է հենց Ռուսաստանի աջակցության հետ։
Փաստորեն, «Թայմսն» էլ է քարոզչությամբ զբաղվում, բայց «Մեդուզայի» համեմատ՝ շատ ավելի նուրբ։ Իսկ «Մեդուզան» այս դեպքում որևէ բանով չի տարբերվում Սառը պատերազմի շրջանի, ասենք՝ «Ազատություն» ռադիոկայանից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել