Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը կարելի է ավարտված համարել: Ճիշտ է՝ քարոզչություն իրականացնելու համար օրենսդրությամբ նախատեսված ժամկետը դեռ չի ավարտվել, ներգրավված բոլոր կողմերը կշարունակեն նույն տեմպով իրականացնել իրենց քարոզարշավը, բայց փաստ է, որ «Նոր Հայաստան» շարժման նախօրեին իրականացրած հանրահավաքն այլևս առոչինչ է դարձրել ցանկացած քարոզչություն:
Ինչպես ասում են՝ «զատիկը կտրեց քառասունքը»:
Ձևական առումով, իհարկե, «Նոր Հայաստան»-ի հանրահավաքը քարոզչական բնույթի էր, սակայն բովանդակությամբ այն հերթական տապալված «հեղափոխության» փորձն է: Հարթակից հենց այդպես էլ ասվեց՝ «հեղափոխությունը մեկնարկել է»: Իսկ երբ գործընթացի մասնակիցը խոսում է հեղափոխության մասին, ապա այդ գործընթացը քարոզարշավ անվանել չի կարելի:
Այնտեղ, որտեղ սկսվում է բռնությունը, քաղաքականությունը դադարում է:
Ինչ մնում է «Նոր Հայաստան»-ի նախաձեռնած «հեղափոխությանը», ապա արդեն այսօր կարելի է վստահաբար պնդել, որ դա դատապարտված է: Նախ՝ տեղի ունեցողը ոչ մի կերպ հեղափոխություն անվանել չի կարելի: Հեղափոխությունը միանգամայն այլ պրոցես է, և դրա մասին կարելի է հատորներ գրել: Իսկ եթե տեղի ունեցողը դիտարկենք զուտ որպես իշխանության համար պայքար, ապա ստիպված ենք արձանագրել, որ այդ պայքարը մարտավարություն և ռազմավարություն չունի: Մեծ հաշվով ծրագիր չունի:
Այն, որ հենց մեկնարկում նախատեսված կամ չնախատեսված գործողության (ՀՀԿ գրասենյակի մոտ ծաղիկ դնելը) արդյունքում շարժումը հայտնվում է ֆորս մաժորի մեջ, վկայում է, որ լիդերները երթի դուրս գալուց առաջ չունեին սցենարային պլաններ: Իսկ սա գործողությունների ծրագրի բացակայության վկայությունն է, ուրիշ ոչինչ:
Իսկ եթե համարենք, որ տեղի ունեցողը պայքար չէ հանուն իշխանության, այլ իրավիճակն ապակայունացնելու փորձ է, ապա հասկանալի է, որ դրա համար գործողությունների ծրագրի անհրաժեշտություն չկա: Դրա համար անհրաժեշտ պայմանն անընդհատ փոքրիկ սադրանքների դիմելն է՝ հույսով, որ իշխանության արձագանքը սխալ կլինի:
Անկախ նրանից, թե ինչի հետ գործ ունենք, մի բան հստակ է: Եղելությունը ո՛չ հանրաքվեի, ո՛չ էլ քարոզարշավի հետ կապ չունի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել