Չգիտեմ, թե երիտասարդ սերունդն ինչքանով է հիշում հոկտեմբերի 27-ը, կամ ավագ ու միջին սերունդն ինչքանն է հիշում:

Բայց այն ժամանակ էլ կային մարդիկ, ովքեր, չսիրելով Վազգեն Սարգսյանին ու/կամ Կարեն Դեմիրճյանին, ծափահարում էին Նաիրի Հունանյանին ու նրա խմբին համարում հայրենասիրական խմբակ: Իսկ հոկտեմբերի 27-ից հետո, հիշեք, եթե անգամ հասարակության որոշակի շերտի կողմից չսիրված գործիչները վերացվեցին, մյուս կողմից էլ մեր պետության բոլոր ստրատեգիական ակտիվները մի կատարյալ շքերթով հայտնվեցին մեր դաշնակից ռուսների ձեռքում, այդ թվում ՀԷՑ-ը: Էլ չասեմ Ռուսաստանից Հայաստանի կախվածության ահռելի մեծացումը: Սա էր «հայրենասիրական» տեռորի բերած ծանր հետևանքը:

Որքան էլ խմբի ղեկավարի դիմագիծը բավական նմանեցնում է նրան Նաիրի Հունանյանին (գոնե ինձ համար), կասկածի տակ չեմ դնի ո՛չ նրա, ո՛չ էլ խմբի մյուս անդամների անմեղության կանխավարկածը, քանի դեռ քննության արդյունքները հայտնի չեն: Թեպետ արդեն ինքս իմ ենթադրություններն ունեմ կատարվածի մասին... Գործած լինեն նրանք ներքին մղումներով, թե ունենան այլ պատվիրատուներ, մի բան ինձ համար ակնհայտ է, և ես դա կյանքում չեմ արդարացնի՝ տեռորով քաղաքական հարց լուծելը: Ու դրա ամենավառ հիմնավորումը գոնե ինձ համար հոկտեմբերի 27-ն է, որի շահառություններն ով ասես դարձավ, բայց ոչ Հայաստանն ու նրա ժողովուրդը: Ու նաև կխնդրեմ, որ իմ պատին բացակայեն այդպիսի մարդիկ ու տեսակետները, որոնք կարդարացնեն տեռորը:

Իսկ առգրավված զենքն ու զինամթերքը կարծեք թե ոչ մեկ չի հերքում, ու գոնե բարեբախտություն է, որ ԱԱԾ երեկվա քարոզչական բնույթի վրիպումներից ու բացթողումներից զատ, կարծեք թե, նրանց տեսանյութում հարցեր չէր առաջացնում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել