ԵՐԿԲԵՎԵՌՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԱՂՃԱՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
կամ
«ՈՉ»-Ի ԼԻԴԵՐՆԵՐԻ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ

Սկիզբ անձնական

Երբ ուզում ես վերջապես ազատվել երկրիդ խուժուդուժ քամիներից, հեռանալ մի խաղաղ անկյուն, ուր դեմդ ելնում է հայրենների ծովը, և ուղեկից ունենալով հայկական տաղերգության գեղջուկ ու քաղաքացի աստվածներին – նավարկում ես, որ գտնես տաղեր՝ մեր այսօրվա տղեկի ու աղջնակի դաստիարակության համար – ահա այդ ժամին, ներզգացումի ու ենթագիտակցության միջոցով, կողքիդ մարդու խոսքերի միջոցով քեզ հասնում է մի հարց ու հորդոր. «Այդ ո՞ւր ես առանձնացել, հոգի: Վերադարձի՛ր»: Եվ մի պահ բացում ես քաղցր ճգնարանիդ դուռը - խուժում է խուժուդուժ քամին, խառնում է հայրենները… Ասեմ այսօրվա ասելիքս, մի քանի օրվա ազատագրությանս համար վճար անեմ… Կարճառոտ կլինեմ - գիտության սահմաններում:

Երկբևեռության Օրենքը

Բնության մեջ որևէ երևույթ ԷՆԵՐԳԻԱՅԻ կծիկ է, որը իրենով գրգռում ու գեներացնում է նույնանման մի էներգիա՝ հակառակ նշանով ու գաղափարներով, հակառակ նպատակներով, որը ելնում է հակամարտության իրեն ստեղծողի հետ: 
Հայկական ներկա պետականությունը իր մեջ ներառել է հայ էթնոսի հազարամյա, հիմնականում՝ ձեռքբերովի արատները: Այդ արատների խժալուր էներգիան հյուծում է էթնոսի բնիկ արմատը: Բնական է, որ երկբևեռության օրենքով այն պետք ծներ հակառակ էներգիա, որը կձգտեր հաստատել հավասարակշռություն և ներդաշնություն – ազգը իր առաքինությունների ու թերությունների նուրբ հաշվեկշռով կշարունակեր զարգացումը: Բայց տեղի է ունեցել բնական Օրենքի կոպիտ խախտում – ներկա պետականության տեխնոլոգները ստեղծում են իրենց՝ իբրև «հակառակ» «բևեռիկ»-ներ, որտեղ հոսում ու փչանում են ժողովրդի ավյունը և ազատագրության ձգտումը: Ասասծիս տիպիկ օրինակը «Ոչ թալանին» շարժումն է: Տեղի ունեցածը ծանր ու պատժելի մի դիվերսիա էր՝ ուղղված ազգի բարեշրջման հոսանքի դեմ:

Դառնանք «ՈՉ»-ի ներկա շարժմանը: Այն ֆորմալ առումով բաղկացած է երկու մասից – մեկը մասնակցում է իշխանության հղացած շոուին, մյուսը՝ոչ: Դիտարկենք դրանք:

Համատեղ ընթրիքի սրբազնության եղկելի ոտնահարում

Արարչի ստեղծած ամենաբարձր բաներից մեկը համատեղ ընթրիքի սրբազնությունն է: Այն հացը, որից կտրում են երկու մարդ, նրանց միացնում է անքակտելի դաշինքով: Նրանք չեն կարող իրար վատը կամենալ, քանի որ ճաշակում են նույն արարչական պարգևը: Խոնարհվենք այս Օրենքին:
«ԱՅՈ»-«ՈՉ»-ի «դիմակայության» թատերական տիրույթում տեղի ունեցավ Տիեզերական Օրենքի ոտնահարում: Իրականում խոսքը գնում է արատավոր պետականության և ժողովրդի զանգվածի դիմակայության մասին: Նրանց պայքարը պետք է ընթանար բարոյականության բարձրագույն տիրույթներում, արդարության վերին գագաթներում: Եվ ոչ երբեք կիսակենցաղային-կիսաքաղաքական վիժյալ տարածքներում: Բարձր Օրենքի այսպիսի մտացածին խախտումը ծնում է հեռագնա և ծանր հետևանքներ: Այդ խախտման հեղինակները պետք է ճանաչվեն և դատապարտվեն ազգի էթիկական ատյաններում:

«ՈՉ»-Ի այն հատվածի մասին, որ չի ընթրում իշխանության հետ

Այս վայրկյանին միակ ձգտումս է՝ արդարամիտ լինել: Այո, արատավոր պետականությունը չի կարող, ի վերջո, անեղծ, մաքուր, զորեղ հակառակ բևեռ չծնել: Որն իր գիտակցության բոցով կայրի արատավոր բևեռը: Մեկիկ-մեկիկ և ուշադիր, և սրտացավ, և գիտությամբ դիտարկենք «ՈՉ»-ի այն լիդերներին, որոնք չեն կիսում իշխանական ընթրիքը: Գրեցի, և «չեն կիսում» բառակապակցությունը չակերտներ խնդրեց: Տարբեր պատճառներով:
Եղբայրներ, նվաստ տարեգիրս ձգտում է որևէ Օրենք չխախտել՝ այս տողերը գրելիս: Այդու, եթե կարող եք, մտովի առեք մի-մի ցախավել և ձեր միջից մաքրեք այն, ինչ խանգարում է ձեզ լինել մասը այն բանի, որի մասին վերևը գրեցի - «անեղծ, մաքուր, զորեղ հակառակ բևեռը»: Եթե ցախավելը չի օգնի՝ մի հուսալքվեք, կարևորը ՈՐՈՇՈՒՄՆ Է: Եթե ձեր որոշումը լինի, ազատագրության միջոցը կներկայանա: Մի մարդու համար ողբերգություն է՝ ուզենալ մասնակցել հայրենիքի ազատագրությանը և չունենալ դրա համար անհրաժեշտ արարչատուր իրավունքներ:

Այս պետականության, հայ ազգի արատների փնջի հակառակ բևեռը Հայ Մշակույթն է և այն կրողների սակավաթիվ զորախումբը: Եվ ինչու չէ՞ - համայն մարդկության բարեշրջման օրենքները և ձեռքբերումները: Այս բևեռը մաքուր է և զորեղ: Այն քաղաքական ասպարեզում չէ - և իշխանությունը, և «ՈՉ»-ը համատեղ փակում են աչքերը իսկական բևեռի ցոլանքների առջև: Եվ այս երկուսի ստեղծած երկբևեռությունը պատրանք է դառնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել