Մի քանի օր առաջ կառավարության որոշումով Համազգայինի պետական թատրոնը վերանվանվեց Սոս Սարգյանի անունով։ Այդպես էլ պիտի լիներ, առաձնապես չզարմացա, սա նվազագույնն էր, որ պիտի լիներ։ Թատրոնը չէր ծնվի, եթե չլիներ ՍՈՍԸ։ Քսաչորս տարի առաջ, պատրերազմի շնչառությամբ ապրող Հայաստանում Սոսը կաթիլ-կաթիլ, փշուր- փշուր, քրտիք-քրտինք թատրոն էր հիմնում։ Մի ոտքը Արցախում Սոսը հավատում էր, համոզված էր՝ թատրոնը պետություն է կերտում։ Այսօր Համազգայինի թատոնը , Սոսի թատրոնը քսանչորս տարեկան է։ Թատրոնը ապրեց…ապրեց, որովհետև նրան ծնունդ էր տվել Սոսը։ Այսօր Սոսի թատրոնում՝ Համազգայինի թատրոնում << 44 աստիճանի վրա>> ներկայացումն էր։ Սոսից հետո շատ եմ եղել թատրոնում, չգիտեմ ինչու այսօր Սոսի բացակայությունը առավել քան զգալի էր, չլրացվող, տխուր։ 
Այսօր Երևանում՝՝ Տերյան 37 հասցեում, այն տան պատին, ուր ապրել էր Սոսը, մի ցուցատախտակ ավելացավ, ընդամենը ցուցատախտակ….. Սոսի բացակայությունը առավել քան զգալի էր, չլրացվող, տխուր։ 
Հիշեցի Սոսի մահվան առթիվ երկու տարի առաջ գրաց խոսքս. 
ԽՈՍՔ ՆԱՀԱՊԵՏԻՆ
<<Եթե կա մեկը, ում կարող ես ամեն ինչ պատմել ու ոչինչ չթաքցնել, ուրեմն երջանիկ ես>>, ասում էր Սոս Սարգսյանը։ 
Ես հաստատ երջանիկ եմ՝ գրեթե քսաներկու տարի իմ կյանքում ունեցել եմ Սոս Սարգսյանի ներկայությունը, ոչինչ չեմ թաքցրել նրանից՝ խոստովանության, ինքինամաքրումի, մոմ վառելու ու շնչելու պես։ Այսպես էր շատերի համար, բոլորիս համար...
Նրա կողքին ամուր էինք , որովհետև նրա աչքերում ու հայացքում մեր պատմության թանկ բեռն ու լույսը կար, որ մեզ լավատեսության էր դրդում։
Նրա կողքին ազնվականորեն բարձրանում էինք, որովհետև նա եղել էր մեր անցած բոլոր ճանապարհներին ու մեզ իմաստնության ու բարոյականության էր դրդում։
Նրա կողքին հպարտ էինք ու ինքնավստահ, որովհետև նա մեր ընտիր սերմի կրողն էր ու մեզ արժանապատվության ու ուղիղ մեջքով ապրելու էր դրդում։
Կեղծիքով ու քծնանքով ծանրացած մեր օրերում զուլալ էր Սոսի խոսքը, որովհետև այն մեր աղոթքից էր սերում ու մեզ հույսի ու սիրո էր դրդում։
Աղմուկով ու որոմով լեցուն մեր ժամանակներում ուրիշ ու անխառն էր Սոսի ձայնը, որովհետև այն մեր արմատից էր սնվում ու մեզ մեր հոգու ու խղճի տեղն էր հիշեցնում։ 
Գնաց ազգի Մեծը, Սոսը, մեր ՎԵՐՋԻՆ ՆԱՀԱՊԵՏԸ՝ մինչև կյանքի վերջին պահն ապրելով ազգային տագնապով ու ներշնչանքով։ 
Մի քիչ անտեր եմ, մի քիչ մենակ, մի քիչ դատարկ, մի քիչ պարտված՝ իմ, մեր թիկունքից մի ծանր բերդ ընկավ, նոսրացավ մեր խղճի ձայնը, աղքատացան մեր հոգու տարածքները։
Գնաց ազգի Մեծը, բայց իր մահով մեր բացը լրացնելու ուղերձ թողեց. իր անցած մեծ ճանապարհը չի կարող չմեծացնել ու չհարստացնել մեզ։ Հայոց հանճարին հավատացող Սոսը մեզ հետ է նաև հզոր ու հաղթանակած երկրի երազանքով, այդ երազանքին տեր կանգնելու իր տեսակի պարտադրանքով։
Ի՛նչ երջանիկ ենք մենք, ես, որ Սոսի հանճարն ունենալու ու նրա բացած հոգու տարածքներում ապրելու բարեբախտությունն ենք ունեցել։
Լիլիթ Գալստյան
27.09.2013

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել