Մամուլում շատ են հրապարակումներն այն մասին, որ գործադիրի ղեկավարը ստանձնել է սահմանադրական բարեփոխումների ՀՀԿ շտաբի պետի պաշտոնը` միաժամանակ շարունակելով մնալ գործադիրի ղեկավար:
Ըստ օրենքի՝ քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձինք չեն կարող կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական գործունեությունից և չեն կարող զբաղեցնել պետական այլ պաշտոն, ինչն էլ նշանակում է, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց օրենքը չի արգելում քարոզչություն իրականացնել:

Այս թեզիսին կարող ենք հավելել այն պնդումը, որ պետական պաշտոնյան, լինելով նաև կուսակցական անձ, կարող է, և դա ինչ-որ տեղ նաև արդարացված է, աշխատանքից հետո զբաղվել նաև զուտ կուսակցական աշխատանքով` տանելով գաղափարախոսական-քարոզչական աշխատանք: Տվյալ պարագայում գլխավորն այն է, որ դա տեղի է ունենում կուսակցության միջոցներով, այլ ոչ թե պետության հաշվին:

Իրավական առումով կառավարության ղեկավարի նշանակումը օրենսդրությանը չի հակասում այնքանով, որ փաստացի կառավարության անդամներին արգելվում է այլ վճարովի աշխատանք կատարել, իսկ քանի որ հանրաքվեի կուռացիան վճարովի աշխատանք կամ այլ պետական պաշտոն զբաղեցնել չէ, ապա սահմանադրական փոփոխությունների շտաբի ղեկավար լինելը վարչապետի համար օրենսդրորեն արգելված չէ: 
Հարկ է հավելել, որ Հայաստանում պետական պաշտոնյաներ են նաև օրենսդիրները, նախարարները, ովքեր նույնպես գրեթե բոլոր ընտրական կամպանիաներին իրենց մասնակցությունն են ունեցել: Հարցը նրանում է, թե արդյո՞ք այդ մարդիկ ընտրական գործընթացներով զբաղվում են աշխատանքային ժամերին, և արդյո՞ք կիրառվում է վարչական ռեսուրս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել