Картинки по запросу սահմանադրությունՀայաստանում կուսակցապետություն հաստատող սահմանադրական բարեփոխումների կողմնակիցները վերջին շրջանում սկսել են պիտակավորել իրենց գաղափարական հակառակորդներին և փորձում են խնդիրն այնպես ներկայացնել, թե, իբր, այդ ընդդիմացողները կամ նեղ անձնական հարցեր են փորձում լուծել, կամ էլ, առհասարակ, ժողովրդավարության երդվյալ թշնամիներ են: Ուստի, ստեղծված իրավիճակում կարևոր է նաև հասկանալ, թե այդ չարաբաստիկ բարեփոխումների երդվյալ կողմնակիցներն ովքեր են: Թերևս, կարելի է նրանց բաժանել երեք հիմնական խմբերի: Առաջին խմբին են պատկանում խորհրդարանական կառավարման ձևի ավանդական երդվյալ կողմնակիցները, նրանք, ովքեր դեռ 90-ականների սկզբներին փորձում էին կանխել երկրում նախագահական կառավարման համակարգի ներդրումը՝ այժմ արտաքին ու ներքին միանգամայն նոր պայմաններում նրանք քաղաքական ռևանշի հասնելու առարկայական հնարավորություն են աստացել: Երկրորդ խմբի մեջ են այն քաղաքական ուժերը, որոնք կարող են այս փոփոխությունների համատեքստում իրենց բիզնես-շահերն առաջ մղելու ավելի լավ հնարավորություն ստանալ: Երրորդ խումբն այն քաղաքական ուժերն են ներկայացնում, որոնք այժմ հավակնում են շարունակել վերահսկել պետության կառավարման իրական լծակներն ու ֆինանսական հոսքերն, առանց երկրի ու ժողովրդի հանդեպ իրական, առարկայական պատասխանատվություն ստանձնելու: Սրանց կողմից առաջարկվող բարեփոխման առանցքն այն է, որ անհատ քաղաքացին զրկվում է սեփական նախաձեռնությամբ՝ առանց որևէ կուսակցապետի թրի տակով անցնելու, զբաղվել քաղաքականությամբ, լինել ՀՀ Ազգային Ժողովի անդամ կամ ՀՀ Նախագահ: Ասվում է, որ մեծամասնական ընտրակարգը չարիք է, քանի որ հնարավորություն է ընձեռում օլիգարխներին ընտրակաշառք բաժանելու միջոցով դառնալ պատգամավոր և վիժեցնել ՀՀ ԱԺ կուսակցական ցուցակներով ընտրված ժողովրդասեր պատգամավորների կողմից ծավալվող հայրենակառույց և ազգաշեն գործունեությունը: Սահմանադրական փոփոխությունների հակառակորդները, հակադարձելով, կարող են հանգիստ խղճով ասել, որ այս ամբողջ գործընթացը ձեռնարկվել է զուտ նեղ շահադիտական նպատակներով՝ այժմ երկրորդ ու երրորդ խմբերին պատկանող կուսակցապետերն են ստանալու օլիգարխների ընտրակաշառքի համար նախատեսված գումարներն, այն տարբերությամբ, որ այդ գումարները կկրկնապատկվեն ու կեռապատկվեն: Այս համատեքստում կարող են նաև պատվերներ ընդունվել օտար երկրներից՝ վերջիններիս առաջարկած դրածոներին ճանապարհ տալու նպատակով: Սա կլինի երկրում առկա համակարգային կոռուպցիայի ինստիտուցիոնալացման գործընթացի գագաթնակետը: Հայաստանի ժողովրդավարացման եռանդուն կողմնակիցներին ուզում եմ մտերմաբար հուշել, որ, երևի թե, իրենց փափագած արդյունքին հասնելու համար ամենակարճ ճանապարհն այն կլինի, որ օրենքով սահմանափակվի կուսակցության ղեկավար մարմիններում պաշտոններ զբաղեցնելու ժամանակահատվածը՝ մարդը պետք է ընտրվի ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով, առանց նույն կուսակցական պաշտոնում երկրորդ անգամ վերընտրվելու իրավունքի: Վստահաբար, հենց ներկուսակցական կյանքի ժողովրդավարացումը կհանգեցնի ներպետական կյանքի ժողովրդավարացմանը և ոչ թե հակառակը: Բայց արի ու տես, որ հենց սահմանադրական փոփոխությունների կողմնակից և նախաձեռնող քաղաքական ուժերի ղեկավարներն այս պարագայում ստիպված են լինելու լքել իրենց կուսակցական գահերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել