1991 թ.-ի այս օրը հայ ժողովուրդն առաջին անգամ հանրապետության նախագահ ընտրեց: Այդ բարձր պաշտոնն ինքնին նորանկախ պետության խորհրդանիշ դարձավ: Անցումային ժամանակաշրջանում ուժեղ և կենտրոնացված իշխանության անհրաժեշտությունն արդարացված էր քաղաքակրթական և իրավիճակային նկատառումներով: Կենտրոնացված համակարգի շնորհիվ ստեղծվեցին շուկայական տնտեսության անցնելու նպաստավոր պայմաններ, սակայն նաև քաղաքական համակարգի զարգացման էական խոչընդոտներ: Դրանք կշարունակվեն այնքան, մինչև ազատ-ժողովրդավարական արժեհամակարգ որդեգրած ժողովուրդը լցվի համարձակությամբ, կոտրի անցումային կարծրատիպերը և անցումայինից շարժվի դեպի զարգացող պետություն: Համակարգային այդ անցումից հետո կառավարման պատասխանատվությունը բաշխվելու է ժողովրդավարության կողմնակից քաղաքական կենսունակ բոլոր միավորների միջև, որոնց համար դրսևորման իրական հնարավորություն է բացվում: Այս առումով սա ամենևին էլ հասարակությանը նետված մարտահրավեր չէ, այլ ժողովրդավարության պտուղներից օգտվելու լայն բացվող դուռ: Եթե 24 տարի առաջ կենտրոնացված համակարգը պետք էր պատերազմը հաջողությամբ վարելու համար, ապա անցումն ապակենտրոնացվածին պահանջված է զարգացող աշխարհի հետ համընթաց քայլելու, պետության միջազգային հեղինակության բարձրացման և այդպիսով՝ արցախյան ճակատում փխրուն խաղաղության պահպանության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել