Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Դողու Փերինչեքը ոչ միայն հաղթեց Շվեյցարիային և ձեռքի հետ էլ, որպես 3-րդ կողմի, Հայաստանին, այլև, պոետի ասած, «թքեց պատմության ճակատին»: Սակայն խնդիրը ո՛չ Փերինչեքն է և ո՛չ էլ տվյալ դատարանը: Խնդիրը մեր թուլության մեջ է՝ անկախության տարիներին մենք չկարողացանք Ցեղասպանությանն իրավական կարգավիճակ տալ այնպես, ինչպես հրեաներն արեցին Հոլոքոստի առումով: Մենք գնացինք Ցեղասպանությունը պետությունների (և նույնիսկ առանձին նահանգների ու քաղաքների) մակարդակով ճանաչման գործընթացի հետևից՝ հույս ունենալով, որ դրանց քանակը մի օր կգերազանցի ինչ-որ կրիտիկական նիշը, և այդ հարցը մեխանիկորեն կվերածվի իրավական փաստաթղթի: Բայց հստակ չէ, թե ինչ քանակ է անհրաժեշտ դրա համար, և որքան ժամանակում կհասնեինք դրան՝ գումարած, թե որքան առանցքային պետություն կունենայինք մեր «պորտֆելում»: Բացի դրանից, որքան էլ առաջին հայացքից անհեթեթ թվա, սակայն ժողովրդավարություն, Ղարաբաղ և Ցեղասպանություն խնդիրներն ավելի քան կապակցված են, և առանց առաջին երկուսի ժամանակակից աշխարհում 3-րդը լուծել չի հաջողվում, հատկապես որ Հայաստանի դերակատարումը միջազգային ասպարեզում վաղուց հավասարեցվել է զրոյի, եթե չասենք բացասականի՝ որպես ՌԴ-ի ֆորպոստի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել