Նախօրեին ՀՀ-ում տեղի ունեցավ հերթական մինի-ներկայացումը, որն այս անգամ հեղինակել էր քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածը: Ազատության հրապարակում կայացած բողոքի ակցիային մասնակցում էին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Պարույր Հայրիկյանը, պատգամավորներ Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Արամ Կարապետյանը, Ստեփան Դեմիրճյանը, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներ, «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչներ:

«Հիմնադիր խորհրդարանից» Գևորգ Սաֆարյանը հայտարարել է, թե երբ սահմանին մարդիկ էին զոհվում, իշխանությունները Գազի Կարենի (Կարեն Կարապետյան) որդու հարսանիքն էին նշում: Արամ Մանուկյանը կոչ է արել կուսակցություններին, նախաձեռնություններին չգնալ սադրանքների: «Մեր խնդիրների լուծումը մեր միասնության մեջ է: Թեկուզ իշխանությունը փորձում է իր մատը խառնել, ագենտներ ունենալ կուսակցություններում, հասարակական խմբերում, ինչը երբեմն արել է»,-ասել է նա: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հանրահավաքի սակավամարդության համար մեղադրել է ընդդիմադիր քաղաքական գործիչներին, ովքեր խնդիր ունեն միասնական ճակատով հանդես գալու:

Իրականում քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածը, եթե իհարկե կարելի է նման քաղաքագիտական ձևակերպում տալ հրապարակում հավաքվածներին, ոչ միայն չունեն միասնական օրակարգ և խնդիրների վերաբերյալ միասնական տեսակետ, այլև ուղղակի փորձում են նախորդ տարվա եռյակյան հավաքների նոստալգիան վերականգնել: Երեկվա ակցիան ապացույցն է այն բանի, որ ընդդիմադիր ներկայացուցիչները տարաբևեռ են և գործում են սեփական կուսակցության կամ շարժման շահերից ելնելով` կուսակցականը գերադասելով հանրայինից:

Պետությունը կանգնած է արտաքին վտանգի առաջ` սահմանին ագրեսորն անընդհատ գնդակոծում է խաղաղ բնակչությանը, իսկ արևմտասեր հայ հասարակության դրոշակակիրները` հանձինս «Հիմնադիր խորհրդարանի» անդամների, ամեն կերպ պնդում են, որ հանրահավաքը պետք է կայանա: Այդքանից հետո ուղղակի ցինիզմի դրսևորում է, երբ նրանց ներկայացուցիչը խոսում է սահմանային միջադեպերի մասին:
Այն փաստը, որ հանրահավաքի սակավամարդ լինելու մեղավորն ընդդիմադիր քաղաքական գործիչներն են, միանշանակ ճիշտ է, քանի որ հասարակության գերակշռող մասն ուղղակի չի վստահում և կորցել է քաղաքական դաշտի այդ հատվածի ներկայացուցիչների վստահությունը, և դա պայմանավորված է ոչ թե իշխանություններին վստահելով, այլ ընդդիմադիր սեկտորի դատարկությամբ: Հակառակ դեպքում չկա ոչ մի արդարացում, առավել ևս մեկնաբանում, թե ինչու են ընդդիմության ներկայացուցիչները հավաքվում քաղաքացիական նախաձեռնության «տանիքի տակ»:

Առողջ քաղաքական դաշտի համար միանշանակ պետությանն անհրաժեշտ է ընդդիմադիր հակակշիռ ունենալը, քանի որ իսկական ընդդիմությունը ոչ միայն քննադատում է իշխող ապարատին, այլև փորձում է առողջ ու կառուցողական փաստերով երկրի առաջընթացի տեսլական ներկայացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել