Տարիներ առաջ, երբ ես փոքր էի, մեր փողոցով դեղին մոսկվիչ էր գնում ու գալիս, էդ ընթացքում փողոցում խաղացող էրեխեքը մտնում էին բակեր ու տներ: Ասում էին, որ մուգ ապակիներով մեքենայով էրեխեքին գողանում ու հետո տանջում են, մեկ-մեկ էլ վաճառում: Ես էլ էի հավատում ու վախենում, բայց որոշ ժամանակ հետո հասկացա, որ մեր փողոցից ոչ մի երեխա չի պակասել:

Արդեն մի քանի ամիս է՝ մի քանի կայքեր նման պատմություններ են գրում: Երբ երեխաներն են նման բաների մասին խոսում, դեռ հասկանալի է, բայց լրագրողն ինչ-որ կերպ պիտի տարբերվի բակում խաղացող փոքրիկից: Ամիսներ շարունակ նույնն ենք կարդում, գողացան, օրգանները վաճառեցին… Մինչ օրս ոչ մի տուժող չկա: Պատկերացրեք՝ մեկի երեխային գողացել են, ծնողն ի՞նչ պիտի անի՝ բնականաբար, մեծ աղմուկ կբարձրացնի: Մի խոսքով՝ այս ընթացքում գոնե մի մայրիկ կամ հայրիկ կհայտնվեր ու կհայտարարեր, որ իր երեխային առևանգել են կամ փորձել են առևանգել:

Թեպետ ընթերցողների մեծ մասը տարբերում է լուրջ և անլուրջ կայքերը, բայց նաև բնական է, որ շարունակվելու դեպքում երեխաների առևանգման մասին լուրերը կարող են անհանգստացնել ծնողներին:

Եթե նպատակը քլիք կամ լայք հավաքելն է, ապա նման լուրեր տարածողները կարող են դիմել «ավանդական մեթոդների»: Այցելուներ կարելի է ապահովել Քիմ Քարդաշյանի, հայ մեծ ու փոքր աստղերի անձնական կյանքի մանրամասների կամ էլ այլ սկանդալային տարբեր նյութերի շնորհիվ: Մեշոկ պապիները, սարի գագաթին հանգրվանած այլմոլորակայիններն ու թռչող դիվերսանտները չպետք է հայտնվեն լրատվական կայքերում կամ մամուլում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել