Ես ինքս տարբերակում եմ շոու-բիզնեսը արվեստից, ինձ համար մանր–մունր փոփ աստղերը արվեստագետ չեն։ Ըստ իս` արվեստի մեջ փիլիսոփայություն կա, իսկ շոու-բիզնեսի մեջ՝ փող։ Վերջերս ցավոք գերակշռում է վերջինը։ Շոու-բիզնեսը խառնել քաղաքականությանը, դա նույն «արտաշես գեղամյան» երևույթն է, ինձ համար տարբերություն չկա։ Իսկ ինչ վերաբերում է արվեստին, ապա արվեստագետ հայտնի մարդիկ իրենց դիրքորոշումներով պիտի պայքարեն հանուն քվազի բացարձակ հասկացությունների՝ արդարության, ճշմարտության, համամարդկային բարձր արժեքների (թող ծիծաղելի չթվա) ու կարելի է գուցե կանգնել այնպիսի մարդկանց կամ ուժերի կողքին, որոնք այդ արվեստագետների կարծիքով հնարավոր է, որ իրենց էությամբ ու գործունեությամբ նպաստում են այդ «հանուն»–ներին հասնելուն։ Իսկ կարելի է և ընդհանրապես չկանգնել, քանի որ այդպիսի բացարձակ արդար կամ ճշմարիտ մարդկանց կամ ուժերին սովորաբար դժվար է գտնելը, ու արվեստագետը միշտ կմնա անհասանելի ու բաղձալի իդեալական արժեքներին ձգտող: Չէ՞ որ արվեստը փիլիսոփայություն է, իսկ փիլիսոփայությունը ճշմարտության որոնումն է, անվերջ փնտրտուքի մեջ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել