Մարդու ծիծաղ է գալիս, երբ ասում են՝ Հայաստանում զարգանում է զբոսաշրջությունը: Երկիր եկող զբոսաշրջիկների թվի աճն էլ երևի պայմանավորված է նրանով, որ տարեցտարի ավելի մեծ թվով հայեր են դառնում օտար երկրի քաղաքացիներ ու ժամանակ առ ժամանակ գալիս են Հայաստան ու հետ գնում: 
Մեր երկիր եկող ցանկացած այլազգի զբոսաշրջիկ իր երկիր վերադառնալով՝ կպատմի իր հարազատներին՝ Հայաստանում ստացած տպավորությունների մասին՝ փաստացի գովազդելով կամ հակագովազդելով Հայաստանը:
Ինձ թվում է՝ երբ այդ զբոսաշրջիկները սկսեն պատմել Գառնիի տաճարի գեղեցկության մասին՝ չեն մոռանա նաև նշել, որ այդ նույն տաճարը տեսնելու համար անցել են մի ճանապարհով, որը գտնվում է խայտառակ վիճակում և այդ ճանապարհով անցնելիս այնպիսի տպավորություն են ստացել, որ անցնում են Մոզանբիկի մի հետամնաց լեռնային գյուղի ճանապարհով, այլ ոչ թե՝ Հայաստանի գլխավոր տուրիստական երթուղիներից մեկով: Կարծում եմ, որ նրանք կնշեն նաև, որ Գառնիում, հենց գյուղի կենտրոնում լիքը աղբ էր կուտակված ու ահավոր գարշահոտ էր գալիս՝ ավելացնելով, որ հայ ժողովուրդը շատ հյուրասեր լինելու հետ մեկտեղ շատ փնթի է: Չի բացառվում, որ այդ զբոսաշրջիկները կպատմեն նաև, որ Հայաստանի բյուջեն շատ փոքրիկ է, իսկ հայ մեծահարուստները նախընտրում են իրենց գումարները ծախսել նոր եկեղեցիներ կառուցելու, այլ ոչ թե միջնադարյան ճարտարապետության գլուխգործոց համարվող և իրենից մեծ մշակութային արժեք ներկայացնող մեկ այլ եկեղեցի(վանքային համալիր)՝ Գեղարդ տանող ճանապարհը վերանորոգելու համար: 
Այսքանից հետո հարց է առաջանում. Հայաստան եկած զբոսաշրջիկից՝ Հայաստանից ստացած տպավորությունների մասին լսելով, մեկ այլ օտարազգի կցանկանա՞ լինել Հայաստանում, թե՞ ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել