Ամբողջ օրվա ընթացքում շատերիս մոտ անթաքույց տիրում է գեղեցիկ և օրինաչափ, հաճելի աշնանից դեպ ձմեռ անցման ռոմանտիկ տրամադրությունը: Իհարկե, նաև ձնառատ ձմռան ակնկալիքով, քանի որ հայտնի բան է, որ երբ ձմեռը ձնառատ է լինում, ապա գյուղատնտեսական տարվա հաջողությունը մասամբ երաշխավորված է, հետևաբար նաև կարելի է հաջորդ տարի ինչ որ չափով ակնկալել պարենի հոգսի թեթևացում...
Անշուշտ, ցանկալի է, որպեսզի տարվա բոլոր եղանակներն էլ իրենց իրավունքների մեջ մտնեն ժամանակին և ժամանակին էլ դուրս գան այդ իրավունքներից: Սակայն ձմեռը իր ուրույն գեղեցկությամբ, իր հետ բերում է շատ հոգսեր, հոգսեր, որոնք մեր ժողովրդի համար դարձել են անբաժանելի ուղեկիցներ` գազի վարձ, վառելիքի հայթայթման խնդիր, էլեկտրաէներգիայի ծախսերի կրկնապատկում և այդպես շարունակ...
Էլ չեմ ասում այն մասին, որ որքան էլ փոխվեն ավանդույթներն ու մոտեցումները կապված ամանորյա տոների հետ, միևնույն է, չգրված օրենքով յուրաքանչյուրիս պարտքն է տոները դիմավորել, հաճախ <<մեջտեղից կիսվելով>>, բայց առատ սեղաններով և հիմնականում հանուն այն բանի, որ երեխաները իրենց նեղված չզգան, ինչ արած, մենք այդպիսին ենք...
Այնպես որ, ձմռան գալուստով ուրախանլուց բացի, հարկ է նաև հիշել, որ ձմեռը իր հետ բերելու է շատ խնդիրներ, այն մեծ թվով, ահռելի մեծ թվով ընտանիքների համար, որոնք ոչ թե հիանում են ձմռան գալուստով, այլ հայտնվում են մոլորության մեջ...

Թող ձմեռը բարեբեր լինի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել