Չորս օրում հասցրեցինք լինել Տավուշի մարզի Այգեձոր, Չինարի, Նորաշեն, Ներքին Կարմրաղբյուր, Այգեպար, Մովսես և այսպես, սահմանով մինչև Ոսկեվան, Կոթի, Բարեկամավան սահմանամերձ գյուղերում ու պաշտպանական դիրքերում...
Գյուղեր, որտեղ մանկության ամենավառ հիշողությունը կրակոցի ձայներն են մնալու... 
Գյուղեր, որտեղ պետք է փնտրել Հայաստանը փրկող հայի տեսակը` արարող, մեծահոգի, բացսիրտ, քաջարի ու հայրենիքի իր հատվածին նվիրված հային...
Ափսոս, չհասցրեցի շատ շփվել գյուղացիների հետ, բայց միայն գյուղերի տեղանքը, թշնամու դիրքերի ու բնակավայրերի հետ համեմատականում ոչ շահեկան դասավորվածությունն ապշեցնում է իր հողին հավատարիմ մնալու, հայրենիքը վտանգի մեջ դեմ դիմաց չթողնելու հայի վճիռը...
Այսօր մեզնից ոչ մեկը չի կարող իր երեխայի անվտանգության համար ավելի ապահով տեղ գտնելու մեկնած ծնողին մեղադրել... Սակայն նրանք մնում են, թեկուզ՝ նշանակետի տակ, թեկուզ՝ ոչ ապահով` թե՛ սոցիալական, թե՛ անվտանգության առումով, մնում են` հայրենիքի իրենց հատվածն ատամներով պահելու վճռականությամբ...
Դե, իսկ դիրքերում ԶԻՆՎՈՐԻ ոգին, ինչպես միշտ, մարտական է, ամուր և վճռական։
Ճիշտ է, Տավուշի դիրքապահների հետ Արցախի ազատամարտիկները մի քանի րոպեում վստահաբար կվերացնեին մեր գյուղերին վնասող թշնամու հենակետերը, Տավուշի ու Ադրբեջանի սահմանն օձագալար պարանից կվերածվեր սահուն մի գծի, որը վերահսկելն ավելի հեշտ կլիներ, բայց, ափսոս, այդպիսի հրաման չեղավ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել