Վանաձորի «Քիմպրոմ» գործարանի աշխատակիցները փորձում են փակել Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածը: Ոստիկանների մեծ խումբ է հավաքված, որ շրջափակել է բանվորներին և չի թողնում ճանապարհը փակել:
Բանվորները պահանջում են թույլ տալ գոնե մեկ ժամով փակել ճանապարհը՝ իրենց ձայնն այդ կերպ ՀՀ նախագահին հասցնելու համար:
Վանաձորի «Քիմպրոմի» շուրջ 200 աշխատողներ իրենց աշխատավարձի պահանջով կրկին հավաքվել էին Լոռու մարզպետարանի բակում:

Աշխատակիցների խոսքով՝ 2014թ.-ի դեկտեմբեր ամսին միայն ավանս են ստացել, իսկ 2015թ.-ի անցած 8 ամիսներին ընդհանրապես աշխատավարձ չեն ստացել: 
Հարկ է նշել, որ շուրջ 9 ամիս տևած համառ պայքարից հետո միայն նախագահի միջամտությամբ 2014թ.-ի դեկտեմբերին վճարվել է քիմպրոմցիների աշխատավարձի 450մլն. դրամ պարտքը:

Փաստերի համադրությունից կարելի է եզրակացնել, որ տվյալ պարագայում ուղղակի անհրաժեշտ է կարևորել մի բան, որ ստեղծված իրավիճակը թելադրում է կամ ամբողջությամբ փակել Լոռվա քիմիական հսկան, կամ աշխատակիցներին հասկացնել, որ եթե գործարանն իրենց մատուցած ծառայությունների համար չի վճարում` ուղղակի պետք է չաշխատեն:
Հակառակ դեպքում ստացվում է այնպես, որ նման կերպ ցանկացած անհատ կարող է իրեն համարել ձեռնարկատեր, պահել մի քանի հարյուրի հասնող աշխատակազմ, բայց արդյունքում ոչ մեկին աշխատավարձ չվճարել, ավելին` վճարման ժամանակ գործատու հանդիսանա պետությունը` կրելով ողջ մեղքը և պատասխանատվությունը: Մեղմ ասած՝ սատիրայի ժանրից է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել