Ծի՜վ... ծի՜վ... Ծիտիկն առաջ թռավ... Ծաղիկներ տվեցին ձեռքն ու տարան... Տաշի գոռացողն էլ Հովիկն էր Աբրահամյան, ով վաղուց տաշի էր տվել, պար էր եկել, տիրություն արել, իրենով արել... Հիմա էլ տեր է, Արփինեի տերն ու.... Անտեր մնա՝ հիմա էլ Արփինեն պետք է ասի՝ ես վաստակել եմ նախարարի պաշտոնը... Հա բա՝ վաստակել է... Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանին արձակուրդի մեջ գտնվելու ժամանակ սեփական դիմումի հիման վրա հեռացրեցին պաշտոնից։ Եվ այս շրջափակման մեջ այսօր Հովիկ Աբրահամյանի Արփինեն նշանակվեց արդարադատության նախարար... Ի՞նչ եղավ, մի՞թե Հովհաննես Մանուկյանը հրաժարվեց սարգսյանական ռեժիմի մեջ ներքաշվել և դառնալ սարգսյանական ռեժիմի գործիք, ինչպես որ լինում է, լինում է այսօր, հենց հիմա ու միայն հանցավոր ռեժիմում...

Տեղին է հիշել Հովհաննես Մանուկյանի ներդրումներն արդարադատության ոլորտի բարեփոխումների շուրջ։
Մի շարք ՀԿ-ների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ օրերս իրենց դժգոհությունն են արտահայտել ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի հանկարծակի ազատման շուրջ: Հետևելով լրատվամիջոցներին՝ կարելի է հանդիպել նաև բացասական կարծիքներ: Այդ իսկ պատճառով փորձեցի առանձնացնել Մանուկյանի գործունեության ընդամենը մի քանի դրվագներ, որոնք, ըստ իս, կարևոր առաջընթաց են ապահովում հանրության համար:
Ստորև ներկայացնում եմ մի քանիսը՝
-Արմավիրում 2014թ նոյեմբերի 27-ին՝ 7 տարվա շինարարական աշխատանքներից հետո, պաշտոնապես բացվել է Հայաստանի անկախացումից հետո կառուցված առաջին քրեակատարողական հիմնարկը՝ այսպիսով հնարավորություն ընձեռելով լուծել քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության խնդիրը: Օրերս մեկնարկել է նաև ՔԿՀ-ներում Էներգախնայության ծրագիրը, ինչը մեծ ձեռքբերում է համարվում ոլորտում:
-Հունիսի 25-ին մեկնարկել է Հայ-վրացական իրավական համագործակցության երկօրյա ֆորումը։ Այս ֆորումը կարևոր է մի քանի տեսանկյունից՝ նախ, որ սա իրավական առաջին հավաքն է և հավակնություն ունի դառնալու մշտական՝ ընդգրկելով այլ երկրների ներկայացուցիչներին, և որ քննարկվելիք թեմաները շատ կարևոր են ու արդիական՝ հատկապես դատաիրավական բարեփոխումների առումով: Հովհաննես Մանուկյանի աշխատելաոճի արդյունքում նման ձևաչափի միջոցառումները սկիզբ են դրել երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
-Մանուկյանի ջանքերի շնորհիվ երևանցիներին է հանձնվել Նոտարական պալատի նոր գրասենյակը, այնուհետ Ամուսնությունների պալատը: Նույն շենքում մեկտեղել են երկու հանրային կարևորության կառույցներ՝ հնարավորինս բարելավելով ծառայությունների որակն ու հարմարավետությունը բնակչության համար:
-Պետռեգիստրի գործունեությունն ամենօրյա ուշադրության կենտրում է եղել: Հիմք է դրվել «Մեկ պատուհանի» սկզբունքով ծառայությունների մատուցման գործընթացը: Պետական ռեգիստրի գործակալության՝ քաղաքացիների սպասարկման էլեկտրոնային համակարգը բարձր գնահատականի է արժանացել այնպիսի միջազգային կազմակերպությունների կողմից, որոնք գնահատում են երկրի տնտեսական ակտիվությունն ու ներդրումային միջավայրը: 
-Հմուտ աշխատելաոճ Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ հետ և այլն:

Պատկերը հետևյալն է՝ 1 տարի 2 ամիս պաշտոնավարելով՝ նախկին նախարարը քիչ ժառանգություն չի թողել իր հետնորդին՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ՝ արդյունավետ և համակարգված աշխատանքներ իրականացնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել