Արթուր Մեսչյանը հայ ճարտարապետ, երաժիշտ, կոմպոզիտոր, ռոք-երաժիշտ, բանաստեղծ, երգիչ, նկարիչ է: ԽՍՀՄ-ում առաջին ռոք-խմբի` «Առաքյալներ» -ի (1968-1979) հիմնադիրը և առաջատարն է: Սայաթ-Նովայից ու Կոմիտասից հետո Մեսչյանին հաջողվեց պահպանել, շարունակել ու զարգացնել հայկական մեղեդին:
Դեռևս դպրոցում ուսանելու տարիներին՝ 1965 թ., գրվում են «Ու՞ր էիր, Աստված», «Կտակը» և «Ծերունի» երգերը: Առաջին անգամ «Ու՞ր էիր, Աստված» երգը հանդիսատեսի համար կատարվում է Երևանի թիվ 122 միջնակարգ դպրոցում, որտեղ և սովորում էր Ա. Մեսչյանը: 1967-ին ստեղծվում է «Առաքյալներ» ռոք խումբը, որը սկզբնական շրջանում չուներ սեփական անվանում և հանդես էր գալիս որպես ճարտարապետական ֆակուլտետի խումբ: Խմբում բացի Մեսչյանից (հեղինակ, վոկալ, կիթառ, ստեղնաշարային և ջութակ) ընդգրկված էին նաև Լևոն Մելիքյանը (բաս կիթառ) և Գրիգոր Նալբանդյանը (հարվածային գործիքներ): Արդեն երրորդ կուրսում խումբը հադես է գալիս համերգներով, որոնք հսկայական հաջողություն են ունենում ուսանող երիտասարդների շրջանում: Միաձուլելով հայ հոգևոր երաժշտությունը այդ տարիներին ծաղկում ապրող ռոքի հետ` խումբը անմոռանալի տպավորություն է թողնում ունկնդիրների վրա և դառնում է իսկական հայտնություն: Խմբի առաջին համերգները տեղի են ունենում պոլիտեխնիկական ինստիտուտում և հանդիպում կոմերիտական ակտիվիստների դիմադրությանը: Վերջիններս խմբի անդամներին բնորոշում էին որպես «նորընծա առաքյալներ», ինչն էլ հիմք է հանդիսանում, որպեսզի խումբը կոչվի «Առաքյալներ» («Apostles»):

«Առաքյալներ»-ի ցնցող հաջողությանը խոչընդոտ չհանդիսացավ անգամ 1970-ականների խորհրդային ցենզուրան, և տասնյակ հազարավոր հայեր լսում էին նրանց ձայնագրությունները: «Խենթանոց» («The Insane Asylum») ներկայացումը, որն առաջին հայկական ռոք օպերան է (բառերի և երաժշտության հեղինակ Ա. Մեսչյան) էլ առավել ամրապնդեց խմբի հանրաճանաչությունը: 1973 թ.-ին Արթուր Մեսչյանը երգում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբում, որտեղ և ծանոթանում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն I Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Վերջինս բավական մեծ համակրանք էր տածում երիտասարդ երաժշտի և նրա արվեստի նկատմամբ, ինչն էլ հիմք հանդիսացավ, որպեսզի 1974 թ.-ին Մեսչյանին առաջարկվի Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ռեքվիեմ գրել: Տեքստային նյութերի որոնման ընթացքում Մեսչյանի ուշադրությունը գրավում է արևմտահայ բանաստեղծ Մուշեղ Իշխանի «Տառապանք» բանաստեղծությունների ժողովածուն, որը ԽՍՀՄ-ում արգելված գրականություն էր համարվում: Հեղինակի թույլտվությամբ Մեսչյանը օգտագործում է նրա բանաստեղծությունները «Ռեքվիեմ»-ը ստեղծելու համար: Ստանալով Կաթողիկոսի օրհնությունը` 1975 թվականին «Ռեքվիեմ»-ը առաջին անգամ կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանում` Հայաստանի և սփյուռքի մշակութային վերնախավի ներկայությամբ Կաթողիկոսի աջակցությամբ, և մեծ դժվարություններ հաղթահարելով՝ հաջողվում է կատարել ձայնագրությունը, սակայն ԽՍՀՄ-ում այս տեսակի ստեղծագործությունների թողարկումը անհնար էր: ԱՄՆ-ում ձայնագրելու ու թողարկելու գաղափարը խափանվեց, քանի որ «Ռեքվիեմ»-ի երգերը առանց հեղինակի իմացության և թույլտվության արդեն 1975 թվականին հայտնվում են նահանգներում, և շատ երգեր խեղաթյուրվեով Հարութ Փամբուկչյանի կողմից, կատարվում են ռեստորանային միջավայրում: Այդ դեպքից հետո երկար տարիներ Մեսչյանը «Ռեքվիեմ»-ից ոչ մի երգ չէր կատարում, սակայն հետագայում ընկերների և երկրպագուների խնդրանքով մոտավորապես 15 տարի անց մի քանի երգեր որոշակի վերամշակված տեսքով ընդգրկվում են նրա 90-ականների սկզբներին թողարկված ձայնասկավառակներում: 1978 թվականին Արթուր Մեսչյանը ելույթ է ունենում ազգային երկրորդ հեռուստաալիքով և կատարում իր ստեղծագործությունները քաղաքական ենթատեքստ ունեցող «Մարդակեր» հեռուստաներկայացման ընթացքում:
1980-ականների սկզբում Մեսչյանը իր ուժերն է փորձում նաև կինոյում: Համաձայնվում է մասնակցել «Գիշերվա մեջ առկայծող կրակը» ֆիլմի նկարահանումներին` Միքայել Նալբանդյանի դերում, այն պատճառով, որ հնարավորություն կար իր ստեղծագործությունները ընդգրկել ֆիլմում: Սա առիթ հանդիսացավ, որպեսզի Մեսչյանը ԽՍՀՄ-ում վերջին անգամ պրոֆեսիոնալ ձայնագրություն կատարի Մոսկվայի «Մելոդիա» ստուդիայում: Արդյունքում ֆիլմում ընդգրկվեցին Մեսչյանի երեք ստեղծագործություններ` «Երկիր հնամյա»-ն, «Տապանագիր»-ը և «Հարություն»-ը: Երկրորդ ֆիլմը «Եվ կրկնվի ամենը»-ն էր, որի պրիմերիան տեղի ունեցավ 1989 թ.-ին, երբ Մեսչյանը արդեն տեղափոխվել էր ԱՄՆ: 80-ականների սկզբներին Մեսչյանը «Հայարդնախագծի» ճարտարապետական արվեստանոցի ղեկավարն էր: Այդ ընթացքում մշակվում է Մոսկվայում գտնվող Լազարյան ճեմարանի (ներկայումս Ռուսաստանում ՀՀ դեսպանատան) վերանորոգման նախագիծը (1981-1982): 1985 թ.-ին նախագծում է Երևանում կառավարության ընդունելությունների տան շենքը: 1987-88թթ.-ին`Մատենադարանի նոր մասնաշենքը, որի շինարարությունը կասեցվում է երկրաշարժի պատճառով և վերսկսվում միայն 2007թ.-ին:
1989 թ.-ին երկրպագուների բազմաթիվ խնդրանքներից հետո Մեսչյանը իր առաջին համերգն է տալիս Բոստոնի Հայկական եկեղեցում: Հետագայում` 1990 թվականին, Մեսչյանը համերգներ է ունենում Հայ բարեգործական ընդհանուր միության կենտրոնում և Լոս Անջելեսի «Wilshire Ebell Theatre» -ում: Այս համերգներից գոյացած միջոցներով 1990 թ.-ին ձայնագրվում, իսկ 1991 թ.-ին լույս է ընծայվում առաջին ալբոմը` «Catharsis»-ը, վինիլային ձայնասկավառակի և ձայներիզի տեսքով` ոչ մեծ խմբաքանակով: Սկավառակը անմիջապես հայտնվում է Հայատանում և պատճենահանվում անօրինական ճանապարհով: Մեսչյանի երգերը այս եղանակով սկսում են հնչել ռադիոյով: Ստեղծվում է «Հաղորդությունը», որը հեղինակը համարում է իր արվեստի գագաթնակետը: Առաջին անգամ «Հաղորդությունը» հնչում է 1996 թվականի հուլիսին` Փասադենայի (Կալիֆորնիա) «First church of Nazarene» դահլիճում: Նույն թվականի հոկտեմբերին սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ «Հաղորդությունը»-ը հնչեց նաև Երևանում` Ա. Սպենդիարյանի անվան ազգային օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի դահլիճում: 1996 թ.-ին, գտնվելով ԱՄՆ-ում, Մեսչյանը ՀՀ կառավարությունից հրավեր է ստանում Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցնելու առաջարկով: Վերադառնալով Հայաստան` Արթուր Մեսչյանը սկսում է իր գործունեությունը որպես գլխավոր ճարտարապետ: Վերաբերվելով գործին մեծ պատասխանատվությամբ` անմիջապես սկսում է իրականացնել վերափոխումներ, ուղղված առ այն, որպեսզի կարգավորվեն և թափանցիկ դառնան քաղաքաշինությանը վերաբերող որոշումները: Սակայն անմիջապես հանդիպում է իշխանությունների կոշտ դիմադրությանը, մասնավորապես Երևանի քաղաքապետի, ում խնդրանքով և առաջարկով էլ Մեսչյանը ստանձնել էր այդ պաշտոնը: Հասկանալով, որ նման իրավիճակում իր բոլոր ջանքերը ապարդյուն են` Մեսչյանը 1997 թվականի փետրվարին հրաժարվում է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից և վերադառնում է Բոստոն:
Նա 2005 թվականին վերադարձավ հայրենիք: Առաքյալը վերադարձավ որովհետև առաքելությունը դեռ ավարտված չէր: Նրա արվեստի բազմաթիվ սիրահարների համար բախտ վիճակվեց կրկին տեսնել նախկին առաքյալին բեմում: 2005-2006 թթ.-ին Մեսչյանը համերգներ է տալիս Երևանում, Գյումրիում, Վանաձորում: Չնայած զբաղվածությանը` 2009 թվականի աշնանը կայանում են Մեսչյանի համերգները Երևանում, Մոսկվայում, Լոս Անջելոսում, որտեղ նորովի հնչող հին կատարումները զուգակցվում են նոր ստեղծագործություններով: 
Այսպիսին է այս տաղանադավոր մարդու փոթորկալից կյանքը: Զգալով և’ սիրո, և՛ մերժումի զգացումը` նա երբեք չվաճառեց իրեն` երբեք իր սկզբունքներին չդավաճանելով:
Նա միշտ իր ձեռքը մեկնում է նրան, ում հետ իր բախտը համընկավ: Երբեմն այդ ձեռքը մնումէ օդում....
Այդ վսեմագույն համեստ մարդը գլուխը կախ լսում է գովեստի խոսքեր: Նա է այն մարդը ում մեջ հոսում է հայի գենը: Հայիս այս տեսակն եմ սիրում:
Այսօր նրա երգին սիրահարվածները սպասում են գեթ մի համերգի... Սպասում են առաքյալի վերադարձին....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել