Վերջերս «ՄԻր» հեռուստակայանի ռեպորտաժներից մեկում մի տիկին, որը յանը տարած ուֆոլոգի տպավորություն չէր թողնում, այլ խիստ բանական գիտնականի մի, ըստ իրեն, իրական դեպք էր պատմում իր կյանքից. «Տարիներ առաջ մեր բժշկական հիմնարկում աշխատում էր 30-ի մոտ շատ համակրելի մի երիտասարդ: Նա ամունացած չէր և աղջիկների հետ չէր շփվում և մեր հարցին, թե ինչ է մտածում այդ ուղղությամբ, նա շատ լուրջ պատասխանում էր. «Ես հարսնացու ունեմ, որը այլ մոլորակից է»: Սովետա-իրանական սահմանի (Ադրբեջան) մի բնակավայրում արձանագրվել էր մահվան մի դեպք, և կասկած կար, որ մահվան պատճառը ժանտախտն է եղել: Ես և այդ երիտասարդը գործուղվելով դեպքի վայր հետազոտությամբ պարզեցինք, որ հիվանդը տառապել էր բորոտությամբ: Դիահերձման ժամանակ երիտասարդը անզգուշությամբ կտրեց մատը: Վարակվելու կասկածը մեջներս՝ գնացքով վերադառնում ենք գործուղումից: Օրեր անց երիտասարդի դեմքին վերքի նախանշաններ հայտնվեցին: Որպեսզի վարակը չտարածվի, իջանք գնացքից և քայլում էինք անտառի ուղղությամբ: Երբ հասանք մի գողտրիկ բացատի, տղան կանգ առավ և զգուշացրեց ինձ, որ չվախենամ: Միառժամանակ հետո երկնքում հայտնվեց շողարձակող էներգետիկ մի գունդ, մոտեցավ մեզ, այնտեղից դուրս եկան մարդակերպ արարածներ և նրանց մեջ մի գեղեցկատես և եթերային աղջիկ, որը, ընդառաջ վազելով, փարվեց տղային: Այլմոլորակայինները սկսեցին խորհրդակցել, թե ինչպես կարելի է բուժել տղային, բայց ապարդյուն: Նրանք կարկամած կանգնել էին տղայի գլխավերևում և ոչնչով չէին կարողանում օգնել նրան: Սակայն զգացվում էր, որ կա մի լուծում: Հումանոիդները դեմքով շրջվել էին դեպի աղջիկը և ինչ-որ բան էին խորհրդակցում: Եվ հանկարծ աղջիկը կայացրեց իր որոշումը. փոխակերպվելով ինչ-որ էներգիայի՝ նա «մտավ» տղայի մեջ և այդպես ինքնաոչնչանալով փրկեց նրա կյանքը: Մահ հանուն սիրո և կյանքի: Երիտասարդը հետագայում պատմեց, որ նրանց մոլորակը բարձր զարգացած տեխնոլոգիաներ ունի, բայց կեցության և բազմացման համար անպիտան է դարձել, այդ իսկ պատճառով նրանք օգտագործում են մեր մոլորակը բազմացման և սննդի հայթայթման համար»: (Ճիշտ և ճիշտ այն հայերի պես, որ Հայաստանից գնում են Ամերիկա, հետո տարիներ անց գալիս են այստեղից աղջիկ տանելու և ամառները ծիրան և էկոլոգիապես մաքուր սնունդ ուտելու): Ըստ այդ տիկնոջ՝ այդ մարդը մինչ այժմ կենդանի է, և իր պատմությունը ճշմարտություն է և ոչինչ բացի ճշմատությունից: Ինչպես ասում էր հայ տաղանդաշատ գրող Մկտիչ Արմենը՝ «Ամեն ինչ կրնա պատահել»: Ու հիմա ես մտածում եմ այս դեպքի հիմքի վրա վե՞պ գրեմ, թե՞ քաղաքական ծրագիր: Քաղաքական նման ծրագրով մասնակցեմ նախագահական ընտրությունների: «Գյուղատնտեսության ոլորտ. ստեղծել էկոլոգիապես մաքուր այգիներ, որի բերքը արտահանել իքս մոլորակ, այնտեղից ներմուծել նոր տեխնոլոգիաներ և Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիաների գալակտիկական կենտրոն: Ռազմական ոլորտ. Հայոց բանակը վերազինել «թռչող ափսեններով», որոնց միայն տեսքից թուրքական բանակի զինվորները սարսափահար կփախչեն՝ գոռալով «վայ աման»: Դե իրենք ափսեին աման են ասում: Դեմոգրաֆիական և դիվանագիտական ոլորտ. Իքս մոլորակին աղջիկ տալով և այնտեղից աղջիկ բերելով՝ ամրացնել Հայաստան-գալակտիկա կապերը: Դե էլ չասեմ, թե ինչ կարելի է անել կյանքի բոլոր ոլորտներում «սնունդ-տեխնոլոգիայի դիմաց» կոսմիկական ծրագրի շրջանակներում»: Միայն այսպես Հայաստանի համար կարելի է թռիչքային զարգացում ապահովել:
Թե չէ երեք տառանոց հապավումներից, դրանց դաշինքներից և իդեազուրկ միաձուլումից Հայաստանը միայն երեք մատի կոմբինացիա է ստանալու: Մեզ ոչ թե գլոբալ, այսինքն՝ գլոբուսային, այսինքն՝ մոլորակային, այլ կոսմիկական, այսինքն՝ տիեզերական մտածողություն և գործողություն է պետք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել