Հայրս, որ պատերազմի պատճառով հայր չէր տեսել, իր որդիների դաստիարակությանն աննկարագրելի պատասխանատվությամբ էր վերաբերվում: Հետաքրքիր ու խորը հոգի ուներ: Կյանքի դասերը սերտել էր ապրելով ու արտասովոր եզրահանգումների հանգելով, այդ ամենը մեզ էր մատուցում յուրահատուկ ձևերով ու, երբեմն, շատ անսպասելի: Գրագետ էր ու բանիմաց, սակայն այդ ամենին հասել էր ինքնակրթությամբ: Բացի հայերենից, ազատ տիրապետում էր ռուսերենին ու ադրբեջանցիների լեզվին, իսկ վրացերերենը լսելով՝ պատասխանում էր ռուսերեն: Ծնվել, մեծացել էր սահմանի վրա՝ Շամշադինի Չինարի գյուղում, ու կյանքն էր նրան ստիպել՝ ուշադիր և զգոն լինել հարևանների նկատմամբ:

1981-ի աշնանային մի կիրակի առավոտ էր: Հայրս՝ թե.
- Չե՞ս ուզում մի քիչ մեքենա քշես:
Դե իհարկե, ասացի որ ուզում եմ:
- Դե գնա մեքենան ավտոտնակից հանիր, գալիս եմ: Երկար ենք գնալու:
Ես՝ դեռևս պատանի, միայն այն մտքից, որ երկար ղեկին եմ լինելու, ուրախացա ու այլևս հարցեր չտվեցի:
Մեր Այգեպարով մտանք Ադրբեջանի Ալիբեյլի ավանի ուղղությամբ, ապա Թովուզ, Շամխոր, Խանլար... Մեկը մեկի ետևից անցնում էինք ու խորանում ադրբեջանական իրականության մեջ: 
- Էս ու՞ր ենք գնում, պապ:
- Ձմեռվա համար միրգ առնելու,- լակոնիկ պատասխանեց ու գլխավոր ճանապարհից թեքվելով խորացանք գյուղական ճանապարհների ուղղությամբ: Մի 50 կմ գնալուց հետո, կորած-մոլորած մի գյուղում, մի տան մոտ կանգ առանք: Ես արդեն հասկացել էի, որ սա հորս հերթական դասերից մեկն է լինելու: Թե չէ ի՞նչ իմաստ հարյուրավոր կիլոմետրերի մեջ, եթե ձմեռվա միրգը կարելի էր Բերդի շուկայի «թուրքերից» առնել: Հիշում եք: Այդպիսի սովորություն կար, ձմեռվա համար նուռ ու խուրմա, խնձոր ու տանձ էին գնում մեր ծնողներն ու սառը նկուղներում դարակների վրա դասավորում, ժամանակ առ ժամանակ հսկելով, փչացողներն առանցնացնելով՝ հասցնում էին նոր տարվան: Փողոցում մարդ չկար: Մտածեցի, որ դա հատուկ է գյուղական կյանքին, երևի դաշտում են: Հայրս ձայն տվեց: Դուռը բացեց ութսունն անց մի թուրք ծերունի: Հայրս ադրբեջաներենով ինչ-որ բան ասաց, դարպասները բացեցին, ու ես մտա ներս: Հողե բակ էր, անասուններին ջուր տալու մի կիսագլանակ, երկու կողմերից եռակցված, մի կողմի վրա հակված, կիսով չափ լիքը խողովակ, ու մի քանի տղա երեխա այդ ջրի մեջ: Հետո երեխաների քանակը անսպասելի շատացավ: Ներսից, այգուց, հարևան տներից լցվել էին ու մեր համեստ «Ժիգուլի ջորին» լուռ շրջապատել: Տարբեր տարիքի էին, երկուսից մինչև տասնհիգ-տասնվեց: Միայն տղաներ: Մի տասնյակից ավելի էին: Չէի հասկանում, առաջին անգամ մեքենա է՞ին տեսել, թե՞ հայ: Հայրս ասաց ինչ է ուզում, մեզ տարան այգի, որ տան ետնամասում էր, ու մի պառավ կին սկսեց ասել, թե ինչը ինչ արժեր: Անըդհատ կրկնվող «մանաթ» բառից դա պարզ էր: Պառավը ակտիվ էր, անտանելի տգեղ, և իշխանավորի հրամայականությամբ աջ ու ձախ էր ուղարկում տղաներին, միջահասակ մի կնոջ հետ երբեմն ինչ որ բաներ քննարկելով, կարգադրելով: Մի երիտասարդ կին էլ, մինչև քսանհինգ տարեկան անխոս կատարում էր պառավի կարգադրությունները: Մենք մեր գնումները ավարտեցինք, առնելու բանն առանք ու դուրս եկանք այդ բակից:
Երբ դուրս եկանք բանուկ ասֆալտապատ ճանապարհ, հայրս հարցրեց.
- Դե պատմիր, ի՞նչ տեսար:
Պատմեցի այն, ինչ ձեզ եմ պատմում:
- Տան տերն էր ու նրա կանայք էին,- ասաց հայրս,- բակում՝ երկրորդ ու երրորդ կանանց տղա երեխաներն էին: Պառավը առաջին կնոջ իրավունքով ղեկավարում էր: Սրանք մեր թշնամիներն են, որ շատանում են անասելի արագությամբ, քանի դեռ մենք երկու-երեք երեխա ենք ունենում, դաստիարակում, տալիս ուսման: Էսօրվա խնձոր առնելու նպատակը այն էր, որ դու տեսնես, թե ի՞նչ թուր է կախված օդում՝ մեր վրա:
Ետդարձի ճանապարհին այլևս ոչինչ չխոսեցինք:

Դավիթ Վանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել