Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շուրջ բարձրացած աղմուկի պատճառը լավ չեմ հասկանում: Եթե միայն վաճառքից բողոքեին, ապա կարող էի ընդունել, բայց երբ բողոքում են, թե Եղեռնի հուշակոթողի կողքին՝ համալիրի ներսում ու շրջակայքում, խաղատուն, ռեստորան խանութներ սարքելը պղծում է ցեղասպանվածների հիշատակը, հիշում եմ անմոռուկով լողազգեստները, որ ոչ Մարզահամերգային համալիրում էին պատրաստվում, ոչ էլ մերձակայքում վաճառվում:

Եղեռնի հուշարձանից քիչ հեռու ժամանակ անցկացնելն ամոթ է, իսկ Նանայի կամ Արմենչիկի համերգին ուզածի չափ երգելն ու պարելը՝ ոչ: Հետաքրքիր է…
Ո՛չ Արմենչիկի, ո՛չ էլ Նանայի երկրպագուներին չեմ ցանկանում վիրավորել, իրենց նույնպես, բայց պետք է մի քիչ ռեալ նայել իրականությանը: Համալիրում տեղի ունեցող բոլոր միջոցառումները, այսպես ասած, ուրախ առիթով են եղել: Սա բնավ նորություն չէ:

Վաճառքին էլ վատ չեմ վերաբերում, եթե պիտի պահպանվի արտաքին տեսքը: Ի վերջով, վերջին տարիներին համալիրի գործունեությունը բավականին պասիվ էր ու կարծես միայն դահլիճներ էր տրամադրում տարբեր միջոցառումների համար՝ մշակութային ու երբեմն էլ քաղաքական: 
Եթե կառույցը պիտի լիներ պետական, բայց ի վերջո քանդվեր, ապա թող վաճառվի ու ներդրումների միջոցով պահպանվի: Հույս ունեմ, որ ներդրումների շնորհիվ համալիրը նոր կյանք կստանա:

ՀԳ. Ցեղասպանվածների կամ Կարեն Սերոբիչի անունը շահարկելը գեղեցիկ չի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել