Քանի որ «ծպտյալ» հայերի և դրա շուրջ ՀԱԵ-ի դիրքորոշումների շուրջ այս վերջին օրերին շատ խոսվեց, այդ թվում և իմ կողմից, և քանի որ որոշ դեպքերում մնացի ճիշտ չհասկացված, ապա որոշեցի այդ հարցերի շուրջ իմ տեսակետները և դիտարկումները մի քիչ բացել:
Գաղտնիք չէ, որ թուրքերը հայերին չեն կոտորել նույն ճշգրտությամբ և հետևողականությամբ, ինչ որ, ասենք, Հիտլերը հրեաներին: Դե գիտեք, եթե գերմանացիք մի գործ անում են, ապա «որակով և բարեխղճորեն»: Թուրքերը, բացի նրանից, որ «որակով» չեն աշխատել իրենց համար, նաև էական չի եղել «հայ գենի» ոչնչացումը, ինչպես Հիտլերի համար՝ «հրեական գենի», հակառակը՝ նրանք ինչ-որ իմաստով շահագրգռված են եղել դրա յուրացմամբ: Նրանց հիմնական խնդիրը եղել է հայի ինքնությունը և ինքնագիտակցումը: Այդ պատճառով որոշ դեպքերում իթթիհադական կառավարության հրահանգների մեջ եղել է խնայել մինչև հինգ տարեկան երեխաներին, քանի որ նրանց հիշողությունն ավելի հեշտ է «ջնջել»: Որոշ տոկոսին էլ՝ որպես արժեքավոր արհեստավորներ, չեն սպանել հանուն իրենց պետական կարիքների և շահերի, պայմանով, որ իսլամ ընդունեն, որոշներն էլ փրկվել են կաշառքի միջոցով, որոշներն էլ պաշտոնյաների գիտակից կամ անգիտակից «անփութության» պատճառով: Այսքանով հանդերձ՝ Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ տեղի ունեցածը միանշանակ կարելի է համարել ցեղասպանություն նույնիսկ այն դեպքում, որ ոչ բոլորին են սպանել կամ արտագաղթեցրել։ Մի խոսքով, այս խայտաբղետ պատկերի արդյունքում թուրքական հանրության մեջ իր չերևացող դիրքն ու տեղն են զբաղեցրել ծպտյալ հայերը: Կուզեք՝ հիմա իրենց թուլամորթ կամ այլ բան համարեք, բայց մենք հիմա գործ ունենք մի իրողության հետ, որից չես կարող երես թեքել: Ընդունել ցանկացողների քրիստոնեության «շարքերը» կամ ոչ, որն իրենց դեպքում նշանակում է նաև հայության «շարքերը»: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մենք գոնե մասամբ արդեն պետք է ունենանք: Օսմանյան կայսրության փլուզումից հետո ձևավորված Թուրքիան իր պետականության հիմքերը դրեց ազգայնականության վրա՝ հայտարարելով, որ Թուրքիայի բոլոր քաղաքացիները թուրք են, բայց վերջին հաշվով սա էլ խախուտ դուրս եկավ: Այսօր Թուրքիայի բնակչության մոտ հիսուն տոկոսն իրեն թուրք չի համարում։ Ու սա ազգային միատարության ձգտող Թուրքիայի հիմնական խնդիրն է, և մենք պետք է պատրաստ լինենք այդ հիմքի վրա թուրքական ճգնաժամի խորացման արդյունքում հետագա զարգացումների։ Սա հարցի աշխարհաքաղաքական և քաղաքական կողմը: Կա նաև հարցի կրոնական կողմը: Իմ կարծիքով՝ ՀԱԵ, որոշակի առումով ամփոփվելով «ազգայնական պարկուճի» մեջ, չի կարողանում իրեն որպես կրոնական կառույց ամբողջովին դրսևորել: Այդ «ազգայնական պարկուճի» մեջ մտնելը որոշակի օբյեկտիվ պատճառներ ունի անշուշտ, բայց և կան սուբյեկտիվ պատճառներ, որ պետք է հաղթահարել: Բացվել և բացել աշխարհի առջև առանց ազգային խտրության այն արժեքավորը, որը դարեր շարունակ իր մեջ պահել և պահպանել է: Սա պետք է լինի ՀԱԵ-ի ռազմավարական ուղղություններից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել