Ի՞նչն է պակասում այսօրվա հային․․․

Անշուշտ շատ բան, կարելի է խոսել նյութականից, երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակից բխող զրկանքներից, սակայն խոսքս այս անգամ այլ բանի մասին է։ Մենք` հայերս, ահավոր ծույլ ազգ ենք, մենք նախաձեռնող չենք։ Շատերի համար գերադասելի է մասնակիցը դառնալ տարբեր նախաձեռնությունների, որոնք ավելի հաճախ ազնիվ նպատակներ չեն հետապնդում, քան հանդես գալ սեփական նախաձեռնությամբ։ Նույնը կատարվում էր Բաղրամյան պողոտայում։ Վերջին օրերին, երբ բարիկադների վրա անհայտ ծագման լակոտներ էին հայտնվել, իսկ հասարակության մեջ բավականին լուրջ ինտելեկտուալ մարդիկ կային, վերջիններս գերադասում էին գալ, կանգնել և հետևել, թե ինչ են իրենց ասելու, քան մի բան իրենք անեին։ Պետք է գիտակցել, որ կյանքում նրանք են ձգտում իշխանություն ունենալ, ովքեր իրենցից բան չեն ներկայացնում և այդ իշխանության միջոցով միայն կարող են իրենց մարդ զգալ, իսկ արժեք ներկայացնող մարդը այսպես, թե այնպես իշխանություն ունի իր շրջապատում։ Ուստի, հարկավոր է ինքնաբավությանը մեկտեղ հասկանալ, որ եթե իշխանությունը ինտելետուալ մարդիկ չեն վերցնում իրենց ձեռքը, ապա այն հայտնվում է տգետների ձեռքում։ Իշխանություն ունենալու ձգտումը, եթե ազնիվ նպատակներ է հետապնդում, գերանհրաժեշտ է։ Ես սա հասկացել եմ սեփական փորձիցս։ Ինքս միշտ էլ ունեցել եմ այն, ինչ ցանկացել եմ առանց իշխանության, սակայն հասարակության մի մեծ զանգված ստրկամիտ է և ենթարկվում է նրան, ով իշխանություն ունի, ուստի այսօր չեմ թաքցնի, գիտակցաբար ձգտում եմ ունենալ իշխանություն, քանզի հասկանում եմ, որ մեր հասարակությունը նախաձեռնող տեսակին չի պատկանում և սովոր է հետևել ինչ-որ մեկին և, եթե ես իմ արժեքները չեմ մատուցում, ապա դա կանեն անարժեք մարդիկ։ Խոսքը, իհարկե, իմ մասին չի միայն, այլ բոլոր այն արժեք ունեցող մարդկանց, ովքեր չեն ձգտում իշխանության։ Հարկավոր է ձգտել, այլապես դա ձեր փոխարեն կանեն տգետները, իսկ դուք կհայտնվեք նրանց ճիրաններում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել