Ամառը մոտենում է իր վերջնագծին: Աստիճանաբար ավարտվում է նաև հանգստի շրջանը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Հայաստանից տասնյակ հազարավոր մարդիկ հանգստի մեկնեցին երկրից դուրս, հիմնականում՝ Վրաստան: Հարստացավ Վրաստանի բյուջեն, հարստացան Վրաստանի զբոսաշրջային բիզնեսով զբաղվողները: Իսկ Հայաստանում հերթական անգամ կեղծ հայրենասիրական կոչեր կհնչեն, թե չենք սիրում մեր երկիրը, թե գնում ենք այլ երկրներում հանգստանալու... Իհարկե, սա չի վերաբերում շատ չինովնիկների, պետական բարձր պաշտոնյաների և պատգամավորների: Նրանք հայրենասիրությունից և հայրենիքից հեռու կանգնած մարդիկ են: Խոսքը վերաբերում է միջին վիճակագրական հայաստանցուն: Քննադատությունը նրան կուղղվի...
Իսկ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաները չեն հասկանա ու չեն մտածի, որ իրենք մեղքի բաժին ունեն այն բանում, որ Հայաստանում ամառային հանգիստը թանկ արժե, որ մինչև այսօր կանոնակարգված չէ այդ դաշտը, որ մեզանում բացահայտորեն այդ ոլորտում բացակայում են խելամիտ մենեջմենթն ու մարկետինգը...

Ագահաբար հարստանալ ցանկանալով, մեր փող թռցնողները, որոնք իրենց զբոսաշրջային բիզնեսի վարպետներ են համարում, հեռու են մրցակցությունից, բիզնեսի գլխավոր պայմաններից: Սրանց գերխնդիրը շատ փող թռցնելն է, ուրիշ ոչինչ: Այդ պատճառով էլ աստղաբաշխական գներ են սահմանում՝ որևէ պայման չստեղծելով հանգստացողի համար: Ընդամենը նախաճաշով ապահովելով և սահմանելով «անմերձենալի» գներ, շահու՞մ են մեր իբր բիզնեսմենները, թե՞ կորցնում: Իրականում, կորցնում են, որովհետև շատերը գերադասում են 65-70 հազար դրամով Քոբուլեթի ու Բաթումի մեկնել, քան միջինը 120-150 հազար դրամ ծախսելով, ընդամենը 3 օր հանգստանալ Հայաստանում՝ հոգ տանելով ճաշի ու ընթրիքի մասին...

Ժամանակն է, իսկապես, որպեսզի մշակվի զբոսաշրջային քաղաքականություն, հայեցակարգ, որպեսզի տնտեսական մրցակցության հանձնաժողովի հարգելի ղեկավարները ոչ թե մտածեն իրենց անձնական բարօրության և անհագորեն հարստանալու մասին, այլ Հայաստանը գրավիչ դարձնեն առաջին հերթին հայաստանցիների համար: Մենք կարող ենք ամեն ամառ մեր հանգստյան վայրերում ունենալ մեծ թվով հանգստացողներ, կարող ենք Հայաստանը գրավիչ դարձնել նաև օտարերկրացիների համար՝ տարեկան մինչև 3 միլիոնի հասցնելով Հայաստան այցելողների թիվը, եթե փող թռցնող դուքանչիներին փոխարինելու գան իրական մասնագետները: Իսկ նրանք կան: Պարզապես պետք է լրջորեն զբաղվել ոլորտով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել