Image result for բազմասեր առաքելյանՕրերս մամուլում տեղեկություն էր շրջանառվել, որ ԲՀԿ նախկին մի քանի անդամներ՝ Մարտուն Գրիգորյանը, Ռուստամ Գասպարյանը, Արագած Ախոյանը, Բազմասեր Առաքելյանը, Մուշեղ Պետոյանը և Դավիթ Քոչարյանը գնացել են նախագահական, հանդիպել Սերժ Սարգսյանի հետ ու առաջարկել` նախկին ԲՀԿ-ականների և մի քանի այլ անկախ պատգամավորների հետ համատեղ ստեղծել պատգամավորական խումբ, որը խորհրդարանի առաջիկա 1,5 տարվա գործունեության ընթացքում կաջակցի ՀՀԿ-ին, իսկ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նշված խմբին հնարավորություն կտրվի ընդգրկվել ՀՀԿ համամասնական ցուցակի մեջ և աշխատել ՀՀԿ-ին:

Մամուլում տարածված տեղեկությունը հաստատեցին հանդիպման մասնակիցներից ոմանք: Արագած Ախոյանն, օրինակ, ասել է. «Մենք առաջարկ չենք արել, մենք միայն ասել ենք, որ մենք կանք որպես պատգամավորներ, չենք ուզում քաղաքական լուսանցքից դուրս հայտնվել», իսկ հանդիպման մեկ այլ անդամ Ռուստամ Գասպարյանն իր հերթին ասել էր. «Մենք Սերժ Սարգսյանի մոտ գնացել ենք մեր տարածքի խնդիրներով, մեր շրջանների, ժողովրդի, քաղաքացիների հարցերով։ Բոլոր հարցերն էլ դրական պատասխան են ստացել։ Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին ու գալիք ընտրություններին մասնակցել-չմասնակցելուն, նման հարցեր չեն բարձրացվել»:

Նշված դեպքի հետ կապված որևէ արտառոց և տարօրինակ երևույթ չկա, սակայն զարմանալին ու զավեշտալին այն է, որ նշված հանդիպման մասնակիցներից մեկը` Բազմասեր Առաքելյանը, լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ոչ միայն չի հաստատել հանդիպմա մասին լուրը, այլ դասից ուշացած աշակերտի ոճով` փորձել է արդարացումներ գտնել, իսկ վերջում հերքել է լուրը: 
«Ես ոչ մեկի հետ էլ չեմ հանդիպել, ոչինչ էլ չեմ քննարկել: Եթե ինձ նախագահական մտնելիս եք տեսել, ասեմ, որ հորեղբորս տղեն 8 տարի նախագահականում ա աշխատում, գնացել էի իրա մոտ»,- ասել է պատգամավորը: Բավականին անմեղսունակ պատասխան ազգընտրյալ մարդու համար:

Ինչևէ, թե իրականում ինչ է քննարկվել նախագահականում, հարցի մի կողմն է, բայց կտրականապես հերքելը, կամ միգուցե վախենալ հաստատել նախագահականում լինելու հանգամաքը, ուղղակի մառազմ ժանրից է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել