Մի՛ վնասիր, բժիշկ

Հիպոկրատի երդման երրորդ դրույթն այս է. «Երդվում եմ օգնել հիվանդներին խղճիս համաձայն, որքան ներեն ուժերս՝ խուսափելով նրանց որևէ վնաս կամ չարիք պատճառելուց»: Այսինքն, մի վնասիր, բժիշկ, մի վարվիր այնպես, որ հիվանդին չարիք պատճառես: Երդման տողերը հիշեցինք՝ նորից մտորելով երկու օր առաջ՝ հուլիսի մահվան 29-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացած Մերի Մարգարյանի, մեկ օր անց՝ նրա նորածնի մահվան մասին… Հերթական աղմկոտ պատմությունը, հերթական հարուցված քրեական գործը: Հերթական դժբախտացած ընտանիքը… Ինչպես տեղեկացրեցին մահացած 26-ամյա Մերի Մարգարյանի հարազատները, այսօր «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ղեկավարությունը փորձում է կասկածի տակ առնել իրենց հայտարարություններն այն մասին, որ բուժող բժշկուհին թույլ է տվել անտարբերություն, ոչ պատշաճ վերաբերմունք հիվանդի նկատմամբ, որ այս կենտրոնում միանգամայն սխալ ախտորոշում են արել, ինչը հաստատում են «Էրեբունի» ԲԿ-ում, որտեղ ճիշտ ախտորոշում անելուց հետո պայքարել են մոր և երեխայի կյանքի համար, սակայն՝ ապարդյուն, քանի որ հիվանդի վիճակը խիստ ծանր է եղել, իսկ երեխան ծնվել է սրտի կանգով: Մերի Մարգարյանի հարազատներին զայրացնում է այն հանգամանքը, որ «Շենգավիթ» ԲԿ-ում չեն ցանկանում անգամ ցավակցել, մխիթարական խոսքեր ասել: Ավելին՝ խուսափում են որևէ հոդաբաշխ պատասխան տալ:
Նախաքննություն է ընթանում, ուստի մենք էլ զերծ կմնանք գնահատականներ հնչեցնելուց, սակայն անհնար է ուշադրություն չդարձնել այն հանգամանքին, որ «Շենգավիթ» ԲԿ-ում պնդում են, որ իրենք կասկածել են ուղեղի հետ կապված հիվանդություն, այդ պատճառով էլ ուղարկել են այլ հիվանդանոց: Հենց այն հանգամանքը, որ երկկողմանի թոքաբորբը շփոթել են ուղեղի հետ կապված հիվանդության հետ, խոսում է մասնագիտական ցածր որակի, եթե չասենք՝ անգրագիտության մասին… Բայց հազիվ թե բազմափորձ բժիշկներն այս աստիճանի անգրագետ լինեին, որ հիվանդի ջերմությունը կապեին ուղեղի հիվանդությանը: Այստեղ գործ ունենք մի երևույթի հետ, որը հաճախ է կիրառվում մեր հիվանդանոցներում: Տեսնելով, որ իրենց անտարբերության կամ սխալ ախտորոշման պատճառով հիվանդի վիճակը ծանրանում է՝ ԲԿ-ները հիվանդին գործուղում են մեկ այլ հիվանդանոց՝ իրենց բարի համբավը չարատավորելու, մահվան դեպք չարձանագրելու համար: Չէ՞ որ Մերի Մարգարյանի հետ կատարվածից հետո շատերը կխուսափեն «Շենգավիթ» ԲԿ-ից, շատ ծննդկաններ այլ հիվանդանոցներ կդիմեն՝ այսպես նաև նվազեցնելով «Շենգավիթի» ֆինանսական հոսքերը…
Ինչ եզրակացության կհանգի նախաքննությունը, ինչպես կորակվի բուժող բժշկի վերաբերմունքը՝ կիմանանք առաջիկայում: Իսկ հիմա ընդամենը ուզում ենք հիշեցնել բոլորին՝ մի՛ վնասիր…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել