ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ղեկավարի հետ հանդիպմանը Լևոն Տեր-Պետրոսյանի դիտարկումներն ընտրությունների թեմայի շուրջ ուղղակի ծիծաղ են առաջացնում։ Չնայած պատկառելի տարիքին՝ Հայաստանում ընտրակեղծիքների հիմնադիր ու կնքահայր Լ. Տ.-Պ.-ն նախանձով է վերաբերվում այսօրվա ընտրական պրոցեսներին և ափսոսում, որ իր օրոք ներդրված ընտրակեղծիքներն այլևս չեն գործում, փաստ, որն արժանանում է միջազգային կառույցների գնահատանքին։

Փաստորեն, միջազգային կառույցները տեսնում են բարեփոխումները ընտրական համակարգում, իսկ Տեր-Պետրոսյանը, որքան էլ զարմանալի է, ո՛չ։ Ինչպես ասում են՝ տեսնողը կտեսնի։ Ու ամենածիծաղելին այն է, որ Տեր-Պետրոսյանը մեղադրում է միջազգային կառույցներին հայաստանյան ընտրական գործընթացներում ժոդովրդավարության առաջընթացի արձանագրման համար։

Խոսելով սահմանադրության փոփոխությունների մասին՝ Տեր-Պետրոսյանը նշել է, որ դրանում առկա են անձնիշխանության ամրապնդման միտումներ: Պետք է ասեմ լրիվ հակառակը. անձնիշխանություն կարող է հաստատվել նախագահական կառավարման համակարգում, ինչին, ի դեպ, ես ավելի կողմնակից եմ։

Երկրի ղեկավարման խորհրդարանական մոդելում առաջնային է քաղաքական ուժերի դերակատարումը։

Բայց այս ամենում մի լավ բան կա. Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր արբանյակ ՀԱԿ-ը եթե նախկինում կտրուկ մերժում էին սահմանադրական փոփոխությունները, ապա այժմ սկսել են անդրադառնալ դրա դրույթներին։ Էլի լավ է: Սպասենք նախագծի մասին ՀԱԿ-ի ու Լևոն Տեր-Պետրոսյանի կոնկրետ առաջարկներին։

Հ.Գ. Լ. Տ.-Պ.-ի խանդը սահմանադրական փոփոխությունների նախագծի և խորհրդարանական կառավարման մոդելի վերաբերյալ կարելի է բացատրել միայն մի բանով. «թոշակառուն» չունի իր ուզած քաղաքական ուժն ու հենարանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել